Թրամփը կրկին անհիմն պնդում տարածելով՝ լրատվական դաշտը մանիպուլյացիայի ենթարկեց իր օգտին. Իրանի դիվանագիտությունը այս արարքը որակեց «անազնվություն»:
Ինչպես հաղորդում է «Գուանչա» վերլուծական կայքը, այն պահին, երբ Վաշինգտոնի և Թեհրանի բանակցությունների ճակատագրի շուրջ ենթադրությունները հասել են գագաթնակետին, Դոնալդ Թրամփը սոցիալական ցանցերում հրապարակված ուղերձով պնդել է, թե Իրանի էներգետիկ ենթակառուցվածքներին հարվածելու վերջնաժամկետը երկարաձգել է ևս տասը օրով՝ մինչև ապրիլի վեցը: Այս հայտարարությունների ուշագրավ կետն ԱՄՆ նախագահի այն պնդումն էր, թե իբր այս որոշումն ընդունվել է «Իրանի կառավարության պաշտոնական խնդրանքին ի պատասխան»: Սակայն հեղինակավոր ամերիկյան լրատվամիջոցների զուգահեռ հաղորդումները վկայում են, որ ոչ միայն Թեհրանի կողմից նման խնդրանք չի ներկայացվել, այլ իրանցի պաշտոնյաները շարունակում են ուսումնասիրել և վերլուծել Վաշինգտոնի՝ հակամարտությունը դադարեցնելու տասնհինգ կետից բաղկացած ծրագիրը:
Այս ուղերձի հրապարակումից հետո Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում, իր շարադրանքում փոքր-ինչ փոփոխություն կատարելով, պնդեց, թե Թեհրանը խնդրել է ռազմական գործողությունը յոթ օրով հետաձգել: Սակայն, ի պատասխան, «Drop Site News» անկախ լրատվամիջոցի լրագրող Ջերեմի Սքիլը, հղում կատարելով իրանցի բարձրաստիճան պաշտոնյայի պատասխանին, այլ իրականություն բացահայտեց. «Թրամփը անազնիվ է. մենք Ամերիկայի հավանական հարձակումները հետաձգելու որևէ խնդրանք չենք ներկայացրել»:
«Ուոլ Սթրիթ Ջորնալ» թերթը, հիմնվելով տեղեկացված միջնորդների հայտարարությունների վրա, նույնպես հաստատեց, որ Իրանը նման խնդրանքով հանդես չի եկել: Աղբյուրների համաձայն, թեև իրանցի պաշտոնյաները ցուցաբերել են երկխոսության պատրաստակամություն, Թեհրանի որոշում կայացնող շրջանակները դեռևս վերջնական եզրակացության չեն եկել, քանի որ ԱՄՆ-ի տասնհինգ կետանոց ծրագրում ներառված պայմանները գնահատում են «ակնկալիքներից վեր և դժվարին»:
Նախկին հաղորդումների համաձայն, ԱՄՆ կառավարությունը Պակիստանի միջնորդությամբ լարվածությունը դադարեցնելու համար տասնհինգ կետից բաղկացած ծրագիր է ներկայացրել Թեհրանին: Այս ծրագրի առանցքը միջազգային պատժամիջոցների ամբողջական վերացումը պայմանավորելն է Իրանի երեք առանցքային ոլորտներում՝ միջուկային ծրագիր, հրթիռային ծրագիր և տարածաշրջանային դիմադրության խմբավորումներին աջակցություն, հետ կանգնելով: Սակայն Թեհրանը վճռականորեն հայտարարել է, որ պատրաստ չէ իր հրթիռային ծրագիրը բանակցությունների մեկնարկային կետ դարձնել կամ պարտավորվել ուրանի հարստացման մշտական դադարեցմանը: Դիտորդները կարծում են, որ հաշվի առնելով երկու կողմերի պնդումն իրենց պայմանների վրա, որոնք անընդունելի են մյուս կողմի համար, հրադադարի բանակցությունների հաջողության հեռանկարը մնում է անորոշ և թույլ:
Իրանցի մի պաշտոնյա Reuters-ին տված հարցազրույցում հստակեցրել է. բարձրաստիճան ներկայացուցիչները և գերագույն առաջնորդի ներկայացուցիչը մարտի 25-ին մանրամասն քննարկել են ԱՄՆ-ի տասնհինգ կետանոց ծրագիրը, սակայն եզրակացրել են, որ այս առաջարկը «միակողմանի է և անարդար» և ծառայում է բացառապես Վաշինգտոնի ու Թել Ավիվի շահերին: Այդուհանդերձ, նա ընդգծել է, որ դիվանագիտության դռները դեռ բաց են:
«Վաշինգտոն Փոստ» թերթը նույն ժամանակահատվածում իր վերլուծության մեջ նշել է, որ Իրանի պաշտոնական լրատվամիջոցների տոնայնությունը չի վկայում բանակցությունների լիակատար փլուզման մասին, ինչը չի բացառում ԱՄՆ-ի կողմից լրացուցիչ առաջարկներ ներկայացնելու հնարավորությունը ապագայում: Թեհրանը նախկինում հակամարտության դադարեցման իր պայմաններն էր հայտարարել, որոնք ներառում են պատերազմի հետևանքով պատճառված վնասների փոխհատուցումն ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից, Իսրայելի հարձակումների դադարեցումը Լիբանանի վրա և Իրանի ինքնիշխանության ճանաչումը Հորմուզի նեղուցի նկատմամբ:
Այս համատեքստում Պակիստանի արտգործնախարար Բիլավալ Բհուտո Զարդարին մարտի 26-ին հաստատել է, որ Վաշինգտոնն ու Թեհրանը Պակիստանի դիվանագիտական ալիքներով «անուղղակի բանակցություններ» են վարում, և այնպիսի երկրներ, ինչպիսիք են Թուրքիան և Եգիպտոսը, նույնպես աջակցում են միջնորդական այս ջանքերին:
Այս դիվանագիտական պայքարի թեժ պահին պատերազմի կրակը շարունակում է բորբոքվել:
Հաղորդումները վկայում են, որ Իսրայելի ռազմական գործողությունները Իրանի տարածքում, կենտրոնանալով բարձրաստիճան հրամանատարների թիրախային վերացման վրա, շարունակվում են: Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը մարտի 26-ին հայտարարել է Իսրայելի հարձակման հետևանքով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ծովային ուժերի հրամանատար Ալիռեզա Թանգսիրիիի սպանության մասին և սպառնացել, որ իր վարչակարգի բանակը օրակարգում ունի իրանցի պաշտոնյաներին մեկ առ մեկ հետապնդելն ու վերացնելը:
Միաժամանակ, «Ուոլ Սթրիթ Ջորնալ»-ը բացահայտել է, որ Թրամփը քննարկում է Մերձավոր Արևելք լրացուցիչ տասը հազար ցամաքային զորք ուղարկելու հնարավորությունը. այդ ուժերը, հավանաբար, կներառեն հետևակ և զրահատեխնիկա և կմիանան տարածաշրջանում արդեն իսկ տեղակայված հինգ հազար ծովային հետևակայինների: Թերթը վերլուծում է, որ նման տեղաշարժը, մի կողմից, կպահպանի ճնշումը բանակցությունները առաջ մղելու համար, մյուս կողմից, կընդլայնի Թրամփի ռազմական տարբերակները ուժ կիրառելու համար:
Իրանը նույնպես, ի պատասխան այս ճնշումների, ձեռնարկել է հակաքայլեր: Reuters-ի հաղորդմամբ, Թեհրանը մարտի 26-ին հրթիռային հարվածների մի քանի ալիք է արձակել Իսրայելի ուղղությամբ, որոնք թիրախավորել են կենսական նշանակության տարածքներ, այդ թվում՝ Թել Ավիվը և Հայֆան: Իսրայելի բանակը հաստատել է, որ առնվազն մեկ բալիստիկ հրթիռ է խոցել Թել Ավիվը, իսկ կասետային զինամթերքով հագեցած մյուս հրթիռները վնասներ են պատճառել շենքերին և ավտոմեքենաներին: Իսրայելի շտապօգնության ծառայությունը նաև հայտնել է Նահարիա քաղաքում մի տղամարդու մահվան մասին՝ Հըզբոլլահի հրթիռային հարվածների հետևանքով:
Տնտեսական և քաղաքական հետևանքներ. գլոբալ գնաճիցմինչևԹրամփիժողովրդականության անկում
Այս սպառիչ հակամարտությունները ծանր հետևանքներ են թողել համաշխարհային տնտեսության վրա. ծովային մատակարարման շղթաների խաթարում, հում նավթի գնի մոտ քառասուն տոկոսով աճ, հեղուկ բնական գազի (LNG) գնի կտրուկ թանկացում և ազոտական պարարտանյութերի գնի հիսուն տոկոսով աճ, որոնք կենսական դեր ունեն սննդամթերքի արտադրության մեջ. այս բոլոր գործոնները նպաստել են սննդի ոլորտում գնաճային ճնշումների ավելացմանը:
Այս իրավիճակն ուղղակի ազդեցություն է ունեցել Ամերիկայի հասարակական կարծիքի վրա և հանգեցրել Թրամփի աջակցության էրոզիայի: Ինչպես հաղորդում է BBC-ն, մինչ պատերազմի սկիզբը (մինչև փետրվարի 28-ը) ամերիկացի քաղաքացիների 42 տոկոսը դրական էր գնահատում Թրամփի գործունեությունը, սակայն ընթացիկ շաբաթում այդ ցուցանիշը նվազել է մինչև 40 տոկոս:
Քինիպիակի համալսարանի վերջին հարցումը նաև ցույց է տալիս, որ գրանցված բոլոր ընտրողների շրջանում միայն 39 տոկոսն է աջակցում Իրանի դեմ ռազմական գործողություններին, և ընդամենը 34 տոկոսն է հավանություն տալիս Թրամփի՝ այս ճգնաժամի կառավարման ձևին:
«Մեր ձայնագրության ընթացքում պարզվեց, որ Եմենի «Անսար Ալլահ»-ը (հութիները) հայտարարել է, թե Իրանին աջակցելու նպատակով կարող է փակել Բաբ էլ-Մանդեբի նեղուցը:
Բաբ էլ-Մանդեբը ջրային ուղի է, որը կապում է Կարմիր ծովը Ադենի ծոցին և համարվում է Ատլանտյան օվկիանոսի ու Միջերկրական ծովի Հնդկական օվկիանոսին կապող կենսական կիրճ: Եթե այս նեղուցը փակվի, ապա Հորմուզից հետո աշխարհի էներգամատակարարման երկրորդ կենսական զարկերակը կհայտնվի կրակի մեջ:
Դա նշանակում է, որ հակամարտությունը կարող է ընդլայնվել՝ ընդգրկելով նաև Կարմիր ծովը, ինչը անչափ ծանր հետևանքներ կունենա համաշխարհային առևտրի և էներգետիկ շուկաների վրա:»
Արդեն տեղեկացանք ,որ
Մարտի 21-ին (Նովրուզի առաջին օրը) ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր սոցիալական ցանցում Իրանին նախազգուշացրեց, որ 48 ժամվա ընթացքում բացի Հորմուզի նեղուցը, հակառակ դեպքում «Իրանի էլեկտրակայանները, սկսած ամենամեծից, կոչնչացվեն»: Իրանն ի պատասխան ընդգծեց, որ Հորմուզի նեղուցում անվտանգության և կայունության վերադարձը հնարավոր է միայն ագրեսիայի և ռազմական սպառնալիքի դադարեցմամբ և որ «սպառնալիքին սպառնալիքով չի պատասխանում, հարգանք է ուզում»:
Միաժամանակ, Եմենի «Անսար Ալլահ»-ը (հութիները) հայտարարել է, որ Իրանին աջակցելու նպատակով կարող է փակել Բաբ էլ-Մանդեբի նեղուցը: Բաբ էլ-Մանդեբը ջրային ուղի է, որը կապում է Կարմիր ծովը Ադենի ծոցին և համարվում է Ատլանտյան օվկիանոսի ու Միջերկրական ծովի Հնդկական օվկիանոսին կապող «կիրճը»: Թվում է, թե Հորմուզի նեղուցից հետո այս անգամ Կարմիր ծովը՝ համաշխարհային էներգամատակարարման կենսական մեկ այլ զարկերակ, նույնպես Ամերիկայի և Իսրայելի Իրանի դեմ պատերազմի կրակի բռնկման շեմին է:
—
Ինչու՞ «Անսար Ալլահ»-ը դեռևս մարտի դաշտ չի մտել
Այն պահից, երբ Ամերիկան և Իսրայելը սկսեցին իրենց հարձակումները Իրանի դեմ, «Դիմադրության առանցքի» անդամները՝ Իրանին մոտ կանգնած մի շարք ոչ պետական զինված խմբավորումներ, հերթով հարձակումներ սկսեցին ամերիկյան և իսրայելական թիրախների վրա: Սակայն Եմենի «Անսար Ալլահ»-ը, որը համարվում է այս առանցքի մաս, չնայած Իրանին աջակցող լայնածավալ հավաքների անցկացմանը, պատերազմի չորրորդ շաբաթվա ավարտին դեռևս որևէ հստակ ռազմական գործողություն չի իրականացրել: Մարտի դաշտ անմիջապես չմտնելու այս պահվածքը վկայում է խմբավորման զգուշավոր մոտեցման մասին տարածաշրջանում աննախադեպ պատերազմի նկատմամբ:
Սակայն իսրայելական լրատվամիջոցները պնդում են, որ Իրանը և Լիբանանի «Հըզբոլլահ»-ը ճնշում են գործադրում «Անսար Ալլահ»-ի վրա՝ պատերազմին միանալու համար, և հավանական է, որ այս խմբավորումը գործողության անցնի Ռամազանի ավարտից հետո (Օրազի ավարտ): «Անսար Ալլահ»-ի մուտքի դեպքում պատերազմի բոցերը կտարածվեն նաև Կարմիր ծովի վրա, և ավերածությունների շրջանակը կընդլայնվի:
«Անսար Ալլահ»-ն արտաքին շրջանակներում հաճախ ներկայացվում է որպես Իրանի «հենակետային» ուժ Եմենում: Սակայն այս նկարագրությունը քողարկում է երկու կողմերի հարաբերությունների իրական բնույթը: Ավելի ճիշտ կլինի նրանց հարաբերությունները սահմանել ոչ թե որպես ենթակայություն, այլ որպես «ռազմավարական դաշինք»՝ ընդհանուր շահերով, բայց միաժամանակ գործողությունների անկախությամբ: Ի տարբերություն Լիբանանի «Հըզբոլլահ»-ի, որը խոր և երկարատև կապեր ունի Իրանի հետ, «Անսար Ալլահ»-ը կրոնապես հետևում է զայդիական ճյուղին (շիաի մեկ ուղղություն), որը տարբերվում է Իրանի պաշտոնական կրոնից (տասներկուական շիա): Այս խմբավորման հիմնական մտահոգությունն ավելի շատ կենտրոնացած է Եմենում արտաքին միջամտությանը դիմակայելու և ներքաղաքական իշխանության հարցերի վրա:
