«Շահումյան» կազմակերպությունը վճռականորեն դատապարտում է ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի Իսլամական Հանրապետության դեմ սանձազերծված լայնածավալ ռազմական ագրեսիան, որը մեկնարկել է փետրվարի 28-ին՝ բացահայտ իշխանափոխության և պետական համակարգի կազմաքանդման նպատակով։ Ինքնիշխան պետության դեմ իրականացվող այս հարձակումը միջազգային իրավունքի կոպտագույն խախտում է և հարված՝ համաշխարհային անվտանգության համակարգին։
Զանգվածային ռմբակոծությունների հետևանքով զոհվել են հարյուրավոր խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ երեխաներ։ Մայրաքաղաքի հարվածների արդյունքում սպանվել են նաև Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Խամենեին և բարձրաստիճան ռազմական ղեկավարներ։ Պետական ղեկավարության և քաղաքացիական բնակչության թիրախավորումը պատերազմական հանցագործության ակնհայտ դրսևորում է և տարածաշրջանը կանգնեցնում է լայնամասշտաբ պատերազմի շեմին։
Սանձազերծված պատերազմը լրջագույն սպառնալիք է Հարավային Կովկասի ռազմաքաղաքական հավասարակշռությանը։ Իրանը Հայաստանի անմիջական հարևանն է և տարածաշրջանային անվտանգության առանցքային դերակատար։ Իրանի դեմ ուղղված ռազմական գործողությունները անխուսափելիորեն ազդում են Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության, սահմանների անխախտելիության, էներգետիկ և տնտեսական կայունության վրա։
Հայաստանը պարտավոր է առաջնորդվել բացառապես իր ազգային և պետական շահերով և չներքաշվել արտաքին ուժերի կողմից թելադրվող աշխարհաքաղաքական խաղերի մեջ։
Ստեղծված իրավիճակում Հայաստանի համար առաջնահերթ են հետևյալ ռազմավարական և անհապաղ քայլեր:
Սահմանային ենթակառուցվածքների և հաղորդակցական ուղիների պաշտպանության ուժեղացում, ներառյալ ռազմավարական նշանակության օբյեկտների անվտանգությունը։
Իրանում բնակվող իրանահայ համայնքի և այնտեղ գտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անվտանգության ապահովում՝ անհրաժեշտության դեպքում կազմակերպելով համակարգված և պետականորեն վերահսկվող տարհանում։
Փախստականների հնարավոր հոսքերի դեպքում հումանիտար ճգնաժամային կառավարման պետական պլանի անհապաղ ակտիվացում, սահմանամերձ շրջաններում ժամանակավոր տեղավորման կենտրոնների ստեղծում և խիստ վերահսկվող անցակետային ռեժիմի սահմանում։
Մենք կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին
Պաշտոնապես հայտարարել, որ Հայաստանի Հանրապետությունը չի տրամադրի իր տարածքը կամ ենթակառուցվածքները որևէ երրորդ պետության կողմից Իրանի դեմ ռազմական գործողությունների իրականացման նպատակով։
Դիվանագիտական հարթակներում, այդ թվում՝ միջազգային կազմակերպություններում, բարձրացնել տարածաշրջանային անվտանգության սպառնալիքի հարցը և պահանջել ռազմական գործողությունների անհապաղ դադարեցում։
Ակտիվացնել խորհրդակցությունները ռազմավարական գործընկերների հետ՝ ապահովելու Հայաստանի անվտանգության լրացուցիչ երաշխիքներ։
Շահումյան կազմակերպություն
01.03.2026
