Ապրիլի 24-ը՝ Օսմանյան կայսրության կողմից հայ ժողովրդի դեմ իրականացված ցեղասպանության տարելիցը, մեզ պարտավորեցնում է ոչ միայն հարգել անմեղ զոհերի հիշատակը, այլև չմոռանալ պատմության դառը դասերը և պահպանել զգոնությունը ներկա պայմաններում։ Անընդունելի է միամտորեն վստահել այն ուժերին, որոնց քաղաքականության մեջ շարունակական են եղել հակահայկական դրսևորումները։
Ամերիկայի և Իսրայելի կողմից Իրանին պարտադրված պատերազմը և տարածաշրջանում առկա լարվածությունը մեր երկրի համար ստեղծում են լուրջ ռիսկեր և մարտահրավերներ։ Այս իրավիճակը առավել մտահոգիչ է՝ հաշվի առնելով պանթուրքական ռազմավարական ծրագրերը դեպի Միջին Ասիա, ինչպես նաև դրանց շրջանակում Սյունիքի «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ առկա նկրտումները։
Արցախի կորուստը պետք է դիտարկել նույն վտանգավոր գործընթացների շարունակության համատեքստում։ Տարածաշրջանային և աշխարհաքաղաքական բախումները կարող են օգտագործվել Հայաստանի նկատմամբ նոր ճնշումներ գործադրելու համար, և այդ առումով Սյունիքի նկատմամբ հավակնությունները շարունակում են մնալ լուրջ սպառնալիք։
Այս պայմաններում Հայաստանի կայունությունն ու համազգային միասնականությունն ունեն վճռորոշ նշանակություն։
Հաշվի առնելով ներքաղաքական գործընթացները՝ հատկապես ընտրությունների նախաշեմին և քարոզարշավների ընթացքում, կոչ ենք անում թե՛ իշխանություններին, թե՛ ընդդիմությանը զերծ մնալ փոխադարձ սրացումներից և սադրանքներից, որոնք կարող են թուլացնել երկրի ներքին կայունությունը և նպաստել արտաքին ուժերի նպատակների իրականացմանը։
Շահումյան կազմակերպությունը կոչ է անում համայն հայությանը ոչ միայն հիշել, այլև հետևողականորեն բարձրաձայնել Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման անհրաժեշտությունը՝ հանուն արդարության և ապագայի անվտանգության։
Շահումյան կազմակերպություն
24.04.2026
