Սիրելի՛ հայրենակիցներ,
Խորը ցավով տեղեկացանք իրանահայ ականավոր մտավորական, գրող, բանաստեղծ, թարգմանիչ և հասարակական գործիչ Խաչատուր Գալուստանյանի (գրական անունը՝ Խաչիկ Խաչեր) մահվան լուրը։
Խաչատուր Գալուստանյանը ծնվել է Թեհրանում 1946 թվականին և վախճանվել ԱՄՆ-ում՝ մայիսի 1-ին։ Նրա կյանքն ու գործունեությունը վառ օրինակ են հայ ինքնության, մշակույթի և ազգային արժեքների հանդեպ անկեղծ նվիրումի։
Կրթությունը շարունակելով Գերմանիայի Աախեն քաղաքում՝ նա ձեռք է բերել բարձրագույն տեխնիկական կրթություն (երկու մագիստրոսի աստիճան) և լայն մտահորիզոն։ Տիրապետելով հայերենին, պարսկերենին, գերմաներենին և անգլերենին՝ նա իր գիտելիքները ծառայեցրել է հայ համայնքի մշակութային զարգացմանը։ Հեղինակել և հրատարակել է առնվազն 15 գիրք՝ հայերեն և պարսկերեն, որոնցից են «Կեցցե՛ ազատությունը», «55+1 Իրանական ժողովրդական հեքիաթներ», «Ինչո՞ւ էր ծովը փոթորկվել», «Հրաշքի ծառը» (բանաստեղծական ժողովածու)։
Առանձնահատուկ արժեք ունեն նրա թարգմանությունները. նա պարսկերեն է թարգմանել պոլսահայ բանաստեղծ Զահրատի ստեղծագործությունները և հայերեն ներկայացրել ժամանակակից իրանական հեղինակների գործեր՝ դառնալով կամուրջ երկու մշակույթների միջև։
Խաչիկ Խաչերը ակտիվ մասնակցություն է ունեցել Թեհրանի հայ համայնքի մշակութային կյանքում և եղել է Իրանահայ Ազգային-Մշակութային միության նվիրված անդամ։ Նա իր ներդրումն է ունեցել նաև Հայաստանում և Սփյուռքում կազմակերպվող գրական միջոցառումներում, այդ թվում՝ Վիլյամ Սարոյանին նվիրված երեկոներին։
Նրան ճանաչողները հիշում են որպես կրթված, համեստ, հայրենասեր, ընտանիքին նվիրված և մտավոր լայն աշխարհով օժտված անձնավորություն։ Նրա կորուստը մեծ կորուստ է իրանահայ համայնքի և ամբողջ հայ մշակութային աշխարհի համար։
Շահումյան Կազմակերպությունը իր խորին ցավակցությունն է հայտնում հանգուցյալի ընտանիքին, հարազատներին, ընկերներին և համայնքին։ Մաղթում ենք հոգու հանգստություն և ողջերին՝ մեծ համբերություն։
Թող նրա հիշատակը վառ մնա հավերժ։
Երեվան
Մայիս 20 -2026
