Շահումյան Կազմակերպությունը արձանագրում է, որ կայացած ընտրությունների արդյունքում ոչ իշխանությունը և ոչ էլ ընդդիմությունը չեն հասել իրենց հռչակած քաղաքական նպատակներին։ Իշխանությունը, ընդդիմության խոշոր ուժերի նկատմամբ տարբեր ճնշումներ կիրառելու հանդերձ , կարողացել է ստանալ կառավարման մանդատ։ Միևնույն ժամանակ, ընդդիմությունը չի կարողացել ապահովել իր ակնկալած քաղաքական արդյունքը և ձևավորել համոզիչ այլընտրանք։
Չնայած հնչած բազմաթիվ նախընտրական խոստումներին՝ որևէ քաղաքական ուժ չներկայացրեց այնպիսի համապարփակ ռազմավարություն, որը կպատասխաներ Հայաստանի պետականության առջև կայացած արտաքին սպառնալիքներին, ազգային անվտանգության ամրապնդման անհրաժեշտությանը, տնտեսական ինքնիշխանության խնդիրներին և սոցիալական արդարության հիմնարար պահանջներին։
Շահումյան Կազմակերպությունը մտահոգված է գործող իշխանության որդեգրած արտաքին քաղաքականության ուղղությունից, որը հանգեցնում է կախվածության ռիսկերը բարձրացմանը։ Հայաստանի արտաքին քաղաքականությունը պետք է կառուցվի բացառապես պետական և ազգային շահերի հիման վրա՝ պահպանելով երկրի ինքնուրույն որոշումներ կայացնելու կարողությունը և հավասարակշռված հարաբերությունները միջազգային գործընկերների հետ։
Շահումյան Կազմակերպությունը արձանագրում է նաև, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը կարող է փոփոխության ենթարկվել միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ընտրությամբ ելնելով Հայաստանի ազգային ու պետական շահերից բխող անհրաժեշտության դեպքում։ Ցանկացած սահմանադրական փոփոխություն, որը պայմանավորված կլինի արտաքին ճնշումներով կամ օտար պետությունների պահանջներով, չի կարող ծառայել Հայաստանի ինքնիշխանությանը, պետական անկախությանը և ազգային անվտանգության ամրապնդմանը։
Մեր կարծիքով ուժերի մեծամասնության նախընտրական ծրագրերում գրեթե բացակայում էին Հայաստանի ապագայի համար կենսական նշանակություն ունեցող ռազմավարական ծրագրերը։
Մասնավորապես՝
Սփյուռքի ներուժի ներգրավման համակարգված ու համապարփակ ծրագիր չէր ներկայացվել, մինչդեռ Սփյուռքը Հայաստանի զարգացման կարևորագույն ազգային ռեսուրսներից է։
Սփյուռքի նախարարության վերականգման և պետական մակարդակով համահայկական քաղաքականության համակարգման հարցը գրեթե բացակայում էր քաղաքական ուժերի օրակարգից, մինչդեռ Շահումյան Կազմակերպությունը համոզված է, որ առանց նման պետական ինստիտուտի հնարավոր չէ լիարժեք օգտտվել համահայկական ներուժը։
Շահումյան Կազմակերպությունը կարևորում է Գյուղատնտեսության նախարարության վերականգումը՝ որպես պարենային անվտանգության, գյուղական համայնքների զարգացման և ազգային տնտեսության ամրապնդման կարևոր նախապայման։
Պետական արտաքին ու ներքին պարտքի մարման կառավարման և աստիճանաբար նվազեցման գործնական ծրագիր չէր ներկայացվել, մինչդեռ պարտքային բեռը շարունակում է սահմանափակել երկրի զարգացման հնարավորությունները։
Շահումյան Կազմակերպությունը կարևորում է այնպիսի ծրագրերի իրականացումը, որոնք կարող են ծառայել Հայաստանի երկարաժամկետ զարգացմանը։ Այդ նպատակով մենք առաջնահերթ ենք համարում՝
1-Սփյուռքի նախարարության վերականգումը և համահայկական քաղաքականության որդեգրումը պետության և Սփյուռքի համագործակցությամբ։
2-Գյուղատնտեսության նախարարության վերականգում և գյուղատնտեսության նկատմամբ պետական ակտիվ քաղաքականության իրականացում։
3- Համահայկական բանկի գաղափարի զարգացումը, հիմնավորումը և համահայկական ներդրումային ու ֆինանսական կառույցների ձևավորումը՝ Հայաստանի և Սփյուռքի տնտեսական ներուժը մեկտեղելու նպատակով։
4-Սփյուռքի և Հայաստանի տնտեսական, գիտական, մշակութային և մասնագիտական ներուժի համախմբում։
5-Արտադրության, տեխնոլոգիական ոլորտների և ազգային տնտեսության մրցունակության բարձրացում։
6-Սոցիալական արդարության, աշխատավոր քաղաքացիների իրավունքների և հավասար հնարավորությունների ընդլայնում։
7-Ազգային անվտանգության համակարգի ամրապնդումը և պետական ինստիտուտների արդյունավետության բարձրացում։
Շահումյան Կազմակերպությունը վերահաստատում է իր դիրքորոշումը, որ Հայաստանի ապագան չի կարող կառուցվել կարճաժամկետ քաղաքական հաշվարկների կամ հատվածական ծրագրերի հիման վրա։ Երկրին անհրաժեշտ է միասնական պետական հայեցակարգ, որը կապահովի անվտանգությունը, տնտեսական զարգացումը, սոցիալական համերաշխությունը և համահայկական ներուժի արդյունավետ օգտագործումը։
Մենք կոչ ենք անում թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր ուժերին զերծ մնալ քաղաքական բախումներից և իրավիճակի սրացումից, քանի որ տարածաշրջանում շարունակվող լարվածությունը և Ադրբեջանի կողմից պահպանվող սպառնալիքները կարող են լուրջ հարված հասցնել երկրի անվտանգությանը։
Շահումյան Կազմակերպությունը շարունակելու է հանդես գալ որպես գաղափարական ու քաղաքական անկախ ուժ՝ նպաստելով Հայաստանի պետական անվտանգության ամրապնդմանը, հասարակական արդարության նվաճմանը, տնտեսական ինքնիշխանության զարգացմանը, համահայկական ներուժի համախմբմանը և ազգային զարգացման նոր մոդելի ձևավորմանը։
Շահումյան Կազմակերպություն
Երևան, 15 հունիս, 2026 թ․
