Շահումյան կազմակերպության բնապահպանական բաժանմունքը խիստ մտահոգված է Ամուլսարի ոսկու հանքի շահագործման վերսկսմամբ, ինչպես նաև Հայաստանի իշխանությունների՝ բյուջետային եկամուտների ապահովման այն քաղաքականությամբ, որը երկրի ապագան կապում է բնական պաշարների շահագործման և հումքի արտահանման հետ՝ վտանգելով բնությունը և ապագա սերունդների անվտանգությունը։
Ամուլսարի հանքի շահագործումը բնապահպանական լուրջ մտահոգություններ է առաջացնում՝ կապված ջրային ռեսուրսների, կենսաբազմազանության և Ջերմուկի զբոսաշրջային ու առողջարանային ոլորտի ապագայի հետ։ Հնարավոր վնասների հետևանքները կարող են երկարաժամկետ լինել, իսկ դրանց գինը վճարելու են նաև գալիք սերունդները։
Անկախ բնապահպանական մասնագետները ներկայացնում են հանքի շահագործման հետ կապված վտանգները։ Հարգանքով կոչ ենք անում իշխանություններին աչալրջորեն ուսումնասիրել բարձրացված մտահոգություններն ու հնարավոր ռիսկերը՝ առաջնորդվելով հայրենիքի և պետության երկարաժամկետ շահերով։
Հայաստանի զարգացումը պետք է հիմնվի ժամանակակից արդյունաբերության, գիտության, տեխնոլոգիաների, գյուղատնտեսության և կայուն զբոսաշրջության զարգացման վրա, այլ ոչ թե չվերականգնվող ընդերքի պաշարների սպառման։
Մտահոգիչ է նաև COP17-ի մասնակիցների լռությունը Ամուլսարի խնդրի վերաբերյալ։ Մինչ Երևանում հնչում են կենսաբազմազանության պահպանության մասին հայտարարություններ, Հայաստանի բնության և կենսաբազմազանության համար ռիսկեր պարունակող հանքարդյունաբերական ծրագիրը շարունակում է իրականացվել։
Փարիզյան կլիմայական համաժողովից մինչև Երևանի COP17՝ միջազգային գագաթնաժողովները բազմաթիվ խոստումներ են տվել բնության և շրջակա միջավայրի պահպանության վերաբերյալ։ Սակայն այդ խոստումների արդյունավետությունը հաճախ կասկածի տակ է հայտնվում, երբ հռչակված սկզբունքները չեն վերածվում իրական փոփոխությունների և գործնական քայլերի։
Բնության պահպանությունը չպետք է մնա միջազգային հռչակագրերի գեղեցիկ խոսքերի մակարդակում։ Այն պետք է արտահայտվի կոնկրետ որոշումներով և պատասխանատու քաղաքականությամբ։
Շահումյան կազմակերպության բնապահպանական բաժանմունքը գտնում է, որ Հայաստանի տնտեսական շահը չի կարող արդարացնել բնությանը անդառնալի վնաս հասցնելու վտանգը։ Մեր երկրի իրական հարստությունը միայն ընդերքը չէ, այլև մաքուր ջուրը, պահպանված բնությունը և ապագա սերունդներին փոխանցվող առողջ ու անվտանգ միջավայրը։
Շահումյան կազմակերպության բնապահպանական բաժանմունք:
Երեվան
Հոկտեմբերի 23 2026
