Կառլոս Ռ. Ֆերնանդես դե Կոսիո, կուբացի վետերան դիվանագետը, որը 2022 թվականի հունվարից զբաղեցնում է երկրի արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնը, մեքսիկական թերթին տված հարցազրույցում կտրականապես հերքում է Հավանա-Վաշինգտոն բարձր մակարդակի բանակցությունների մասին տարածված պնդումները։
Ավագ դիվանագետը, ով Կոլումբիայի կառավարության և այդ երկրի Հեղափոխական զինված ուժերի (ՖԱՌԿ) միջև խաղաղ բանակցությունների առաջին փուլում նույնպես Կուբայի ներկայացուցիչն էր, այնուամենայնիվ, ընդգծում է. «Հարգալից և հավասար մթնոլորտում նման բանակցությունների հնարավորությունը երբեք բացառված չէ»։
Նա «Լա Խորնադա»-ին տված իր ընդարձակ հարցազրույցում Կուբայի ղեկավարության հայտնի դեմքերի ընտանիքների և ամերիկացի պաշտոնյաների շփումների շուրջ տարածված լուրերը բնութագրում է որպես «անհիմն բամբասանքներ» և «օդի ծուխ», որոնք ոչ մի այլ նպատակ չունեն, բացի Կուբայի ժողովրդի դեմ ուղղված մահաբեր, մարդասիրությանը հակասող և կաթվածահար անող շրջափակման մեջ Սպիտակ տան դերը թաքցնելուց։
— Պարո՛ն փոխնախարար, Վաշինգտոնը շարունակում է ջանքեր գործադրել Կուբայի դեմ իր սանձազերծած անիրավ շրջափակման հետևանքները վերագրելու հենց այս երկրի կառավարությանը։ Արդյո՞ք այս դիրքորոշումը արդարացի եք համարում։
Միացյալ Նահանգների կառավարությունը գործում է ճիշտ այնպես, ինչպես պատմության ընթացքում վարվել են ճնշողները։ Ժամանակակից ստրկատիրության դարաշրջանում տերը մեղադրում էր ստրուկին, որ նա բավարար չափով չի աշխատում, ցանկանում է փախչել կամ հրաժարվում է կատարել տիրոջ հրամանը։ Պատժում էր նրան, ենթարկում էր կարգապահական տույժի և երբեմն կտրում էր ձեռքը կամ ոտքը։ Որքա՜ն շատ ստրուկներ են սպանվել իրենց տիրոջ կողմից։ Վարքագծի այս օրինաչափությունը քիչ նմանություն չունի այն ամենին, ինչն այսօր Ամերիկան վարում է Կուբայի նկատմամբ։
Չպետք է մոռանալ, որ վառելիքի սակավության ներկայիս խնդիրը նոր երևույթ չէ։ Վաշինգտոնը 2019 թվականից, այսինքն՝ յոթ տարի առաջ, սկսեց արշավ սպառնալիքների դեմ տրանսպորտային ընկերությունների, ապահովագրողների, վերաապահովագրողների և նույնիսկ նավահանգիստների, որոնք Կուբային վառելիք էին մատակարարում։ Դրա հետևանքը եղան խիստ սահմանափակումները և ներմուծման ծախսերի ահռելի աճը։ Սակայն հունվարի 29-ի գործողության նորույթն այն երկրներին առևտրային և տնտեսական պատժամիջոցների սպառնալիքի բացահայտ ձևակերպումն է, որոնք Կուբային վառելիք են արտահանում։
Այս քաղաքականությունն ունի երկու հիմնարար հետևանք։ Առաջինը՝ անողոք և խորը ազդեցությունը Կուբայի ժողովրդի կյանքի վրա։ Երկիր, որն առանց վառելիքի չի կարող սնունդ արտադրել, խմելու ջուր ապահովել կամ պտտել տնտեսության անիվները։
Երկրորդ հետևանքն այս գործողության համաշխարհային ծավալն է։ Վաշինգտոնը բոլոր երկրներին ուղերձ է հղում, որ ինքն իրավունք ունի որոշելու, թե նրանք իրենց ազգային ռեսուրսները որ ուղղությամբ պետք է արտահանեն։ Սա սպառնալիք է բոլոր երկրների ինքնիշխանության դեմ։ Որտե՞ղ է այս ահաբեկման սահմանը։ Նման մոտեցումը թիրախավորել է ոչ միայն Կուբան, այլև ողջ աշխարհը։
Այն, որ Վաշինգտոնը Կուբային է մեղադրում այն շրջափակման հետևանքների համար, որն ինքն է պարտադրել այս երկրին, ոչ միայն կեղծավորություն է, այլև ամոթալի սուտ։ Այս մեղադրանքների հետևում թաքնված է անիրացիության մի ամբողջ կույտ։
Երբ Ամերիկան թելադրում է աշխարհին, թե որ երկիրն իրավունք ունի կամ չունի Կուբայի հետ նավթ առք ու վաճառք իրականացնել, իրականում նա խաղում է ազգերի ինքնիշխանության հետ։
— Կարելի՞ է արդյոք Ամերիկայի և Իսրայելի համատեղ հանցագործությունները Գազայում համարել շրջադարձային կետ Վաշինգտոնի վարքագծի ձևում Կուբայի նկատմամբ։
Այս երկու աղետները պետք է տարբերակել մասշտաբների տեսանկյունից։ Գազան ավերիչ ռմբակոծություններով արյան մեջ ու ավերակների վերածվեց։ Տասնյակ հազարավոր մարդիկ սպանվեցին ողջ աշխարհի աչքի առաջ։ Սակայն այս երկու ողբերգական դեպքերի ընդհանուր կետը միջազգային հանրության լռությունն ու պասիվությունն է։ Այն, ինչ այսօր կատարվում է Կուբայի հետ, վաղը կարող է առանց սահմանների ու խնայողության պարտադրվել ցանկացած այլ ազգի։
— Արդյո՞ք այսօր Կուբայի և Ամերիկայի միջև բարձր մակարդակով որևէ երկխոսություն է ընթանում։
Երկու կառավարությունների միջև ոչ մի բարձր մակարդակի երկխոսություն գոյություն չունի։ Նույնիսկ միջին մակարդակի բանակցություններ չեն վարվում։ Այն, ինչ եղել է, զուտ սահմանափակ և առանձին հաղորդագրությունների փոխանակում է։ Այս կապերը անգամ նվազել են նախկինի համեմատ. մինչև մեկ տարի առաջ մենք ԱՄՆ պետքարտուղարության բարձրաստիճան պաշտոնյաների հետ կանոնավոր երկխոսություն ունեինք։ Այսօր նման բան այլևս գոյություն չունի։
— Որոշ լրատվամիջոցներ տեղեկություններ են տարածում Կուբայի ազդեցիկ ընտանիքների անդամների և Ամերիկայի կառավարության միջև ոչ պաշտոնական բանակցությունների վերաբերյալ՝ կղզում քաղաքական անցում նախապատրաստելու նպատակով։ Պնդվում է, որ Մեքսիկան այս հարցում կամրջի դեր է խաղում։
Սրանք բոլորը շշուկներ են։ Կուբացի պաշտոնյաների որևէ մերձավորի կողմից Ամերիկայի կառավարության հետ ոչ մի բանակցություն չի կայացել։ Մեքսիկան նույնպես նման դեր չի ստանձնել։
Իհարկե, եթե «կամուրջ լինել» հասկացությունը դիտարկենք համերաշխության և փոխօգնության իմաստով, Մեքսիկան անկասկած ամուր բարեկամության և Կուբայի հետ համագործակցության կամուրջ է ներկայացնում։ Այս երկիրն իր վարքով փայլուն օրինակ է ցուցադրել այն բանի, թե ինչ կարող են անել մյուս ազգերը։
— Նախկինում այնպիսի կառավարություններ, ինչպիսին Վատիկանն էր, միջնորդություն են իրականացրել Հավանայի և Վաշինգտոնի միջև։ Արդյո՞ք այսօր նման հնարավորություն կա։
Եթե քաղաքական կամք գոյություն ունենա, անկասկած, շատ երկրներ կարող են նման մթնոլորտ ապահովել։ Սակայն չպետք է մոռանալ, որ Կուբան և Միացյալ Նահանգները ներկայումս դիվանագիտական հարաբերություններ ունեն։ Երկու երկրների դեսպանատները գործում են մայրաքաղաքներում։ Մեր խնդիրը հաղորդակցության ուղիների բացակայությունը չէ. գլխավոր խնդիրը կամքի բացակայությունն է։
Այո, նման միջնորդությունը հնարավոր է։ Սակայն այն պահանջում է Ամերիկայի կառավարության լուրջ վճռականություն՝ պատվավոր, հարգալից և երկու կողմերի ինքնիշխան իրավունքները հարգող երկխոսության համար։ Պահանջը, որը Կուբան է ներկայացնում, ոչ ծայրահեղական է, ոչ էլ անտրամաբանական։
Կուբան Միացյալ Նահանգների տարածք չէ։ Երբեք չի եղել և չէ Ամերիկայի կամ որևէ այլ երկրի գաղութ։ Կուբան անկախ և ինքնիշխան երկիր է։
:
Մենք հնարավոր ենք համարում երկխոսությունը պարոն Թրամփի կառավարության հետ, պայմանով, որ Վաշինգտոնը ճիշտ գնահատի, թե որն է իր իրական ազգային շահը, որոնք են իր առաջնահերթությունները և որ գործոններն են իսկապես կենսական իր ազգային անվտանգության և ժողովրդի բարեկեցության համար։
Ամերիկան պետք է վերջ դնի հեքիաթներ հորինելուն, որոնք հակակուբայական շրջանակները հյուսում են իրենց գոյատևման և շահադիտության համար թշնամանքի շարունակության ճանապարհով։ Պետք է մի կողմ թողնի «Կուբայի սպառնալիք» լինելու մասին ստելը. պնդում, որը ոչ մի իրական հիմք չունի։ Կուբան ոչ մի դեր չունի թմրանյութերի մաքսանենգության մեջ, ոչ էլ թույլ է տալիս, որ իր տարածքն օգտագործվի այդ ուղղությամբ։ Կազմակերպված մաֆիան Կուբայում տեղ չունի։ Մենք բազմիցս համագործակցել ենք Ամերիկայի հետ այս ոլորտներում։
Ամերիկայի քաղաքացիները պետական արգելքի պատճառով զրկված են Կուբա ճանապարհորդելու հնարավորությունից։ Ամերիկյան ընկերությունները իրավունք չունեն ներդրումներ կատարել, առևտուր անել և շահույթ ստանալ Կուբայում. ոչ թե այն պատճառով, որ Կուբան է խոչընդոտում, այլ որովհետև իրենց կառավարությունն է արգելել։ ԱՄՆ-ում բնակվող կուբացիները նույնպես զրկված են հայրենիք ճանապարհորդելու, ընտանիքի հետ հանդիպելու և կղզում տնտեսական գործունեություն ծավալելու հնարավորությունից՝ Ամերիկայի ներսում ահաբեկման և սպառնալիքի քաղաքականության պատճառով։ Իրական երկխոսությունը կարող է վերացնել այս բոլոր արգելքները։
— Ի՞նչն եք համարում Կուբայի հանդեպ այս երկարամյա թշնամանքի արմատը։
Վաթսունյոթ տարի է, ինչ Ամերիկայում արմատավորվել է քաղաքական մտածողության մի ձև, մի ձև, որը պարտադիր չէ, որ պատկանի ամերիկացի քաղաքական գործիչների ներկայիս սերնդին, բայց ասում է. Կուբան չպետք է տեսնի առաջընթացը, քանի որ այն հեղափոխություն է կատարել։ Սա մեր ազգի ճակատագիրն է, որ ենթարկվել է խորը վերափոխման. ճշմարտություն, որը ոչ ոք չի կարող փոխել։ Եվ հենց այս մեղքով էլ այն շարունակում է պատժվել։
Դրան զուգահեռ, Ամերիկայում գոյություն ունի մի փոքր, բայց ազդեցիկ քաղաքական հոսանք, որը Կուբայի հանդեպ թշնամանքը վերածել է բիզնեսի և քաղաքական կապիտալի։ Նրանք այս ատելությամբ են հագենում։
— Արդյո՞ք Մարկո Ռուբիոն է այս բամբասանքների աղբյուրը։
Բացառված չէ, բայց հստակ ասել հնարավոր չէ։ Կարևորն այն է, որ այս շշուկների ալիքը օդի ծխի պես է՝ թաքցնելու համար այն անողոք հանցագործությունը, որը տեղի է ունենում Կուբայի ժողովրդի դեմ։ Փոխանակ հարց տան Ամերիկայի հարձակման Կուբայի վրա իրավաչափության մասին, փոխանակ հարցականի տակ դնեն այլ երկրների ինքնիշխանության սահմանափակումը, փոխանակ խոսեն անմեղ ժողովրդի վրա պարտադրված տառապանքի խորության մասին, որոշ լրատվամիջոցներ հետապնդում են այս շեղող հարցերը։
Կուբայի ժողովուրդը դիմակայել է ահռելի տառապանքի և գուցե ավելի մեծ վնասներ էլ են սպասում նրանց։ Երբ սննդամթերքի արտադրությունն ու բժշկական ծառայությունները փլուզվեն, վերքերն ավելի կխորանան։ Վերակենդանացման բաժանմունքները, վիրահատարանները և դիալիզի սարքերն առանց էլեկտրականության դադարում են աշխատել։ Սննդի բաշխումն առանց վառելիքի անհնար է դառնում։ Ջրի մղումն առանց էներգիայի հնարավոր չէ։ Շտապօգնության մեքենաներն ու տաքսիները դադարում են շարժվել։ Ուսուցիչն ու բժիշկը ճանապարհ չունեն դեպի իրենց աշխատավայր։
Այս բոլոր սահմանափակումներն իրականություն են։ Սակայն Ամերիկան երբեք չի հասնի այն նպատակին, որին ձգտում է։ Կուբայի կայունության այս զարմանահրաշությունը արմատավորված է սոցիալիստական հեղափոխության վաթսունյոթ տարիների մեջ. հեղափոխություն, որը ստեղծվել է մարդու համար, սոցիալական արդարության համար, որպեսզի բոլորը կիսեն դժվարությունները և բոլորն էլ օգտվեն դրա պտուղներից։
– Շնորհակալ եմ ,հարցազրույցի համար
Ես եմ շնորհակալ:
Այս թարգմանության արտահայտված տեսակետները պարտադիր չէ, որ արտացոլեն Շահումյան կազմակերպության տեսակետները:
