Ողջույն:
Իրան-ԱՄՆ-Իսրայել պատերազմը շարունակվում է, և վերջին շաբաթներին ռազմական գործողությունները ոչ միայն չեն թուլացել, այլև ձեռք են բերել նոր, ավելի վտանգավոր չափեր։ Իսրայելը մի քանի խոշոր հարվածներ է հասցրել Իրանի գազային և նավթային ենթակառուցվածքներին՝ փորձելով ճնշել Թեհրանի տնտեսությունը։ Սակայն այժմ ուշադրությունը սևեռված է մի փոքրիկ, անուն-ազգանուն չունեցող կղզու վրա, որի անունը քչերին է հայտնի, սակայն որի ճակատագիրը կարող է փոխել ամբողջ պատերազմի ընթացքը։
Խորհրդային անվանումներ կրող այս կղզին՝ Խարգը, գտնվում է Իրանի ափից ընդամենը 15 մղոն հեռավորության վրա և համարվում է Իրանի նավթային արտահանման գլխավոր դարպասը։ Այստեղ է մշակվում երկրի արտահանած հում նավթի մինչև 90 տոկոսը։ Հենց այս պատճառով է, որ ամերիկյան վարչակազմը լրջորեն քննարկում է կղզին գրավելու կամ շրջափակելու ծրագիրը, որպեսզի ստիպի Իրանին բացել Հորմուզի նեղուցը։
Վերլուծաբանները չեն բացառում, որ առաջիկա օրերին կղզու դեմ ուղիղ ռազմական գործողություն սկսվի։ Նման քայլը կարող է էսկալացիայի հասցնել հակամարտությունը և ԱՄՆ-ի ցամաքային զորքերին ներքաշել անմիջական մարտերի մեջ, սակայն Սպիտակ տան շրջանակներում այն դիտարկվում է որպես ճնշման վերջին հնարավորություն՝ նախքան պատերազմն անկառավարելի դառնալը։
Այս հոդվածը, որը հրապարակել է Axios-ը, բացահայտում է Թրամփի վարչակազմի ռազմական ծրագրերի կուլիսային քննարկումները և բացատրում, թե ինչու է այդ փոքրիկ կղզին վերածվել համաշխարհային աշխարհաքաղաքականության գլխավոր խաղաքարտերից մեկի։
Այս թարգմանության արտահայտված գնահատականներն ու ձևակերպումները պարտադիր չէ, որ արտացոլեն Շահումյան կազմակերպության տեսակետները
Թրամփը դիտարկում է ռիսկային գործողություն՝ Խարգ կղզին գրավելու համար, որպեսզի Իրանին ստիպի բացել նեղուցը
Թրամփի վարչակազմը դիտարկում է Իրանի Խարգ կղզին գրավելու կամ շրջափակելու ծրագրեր՝ ճնշում գործադրելու Իրանի վրա՝ Հորմուզի նեղուցը վերաբացելու համար, Axios-ին հայտնել են հարցին տիրապետող չորս աղբյուրներ:
Ինչու է դա կարևոր. Նախագահ Թրամփը չի կարող պատերազմն ավարտել, գոնե իր պայմաններով, քանի դեռ չի կոտրել Իրանի վերահսկողությունը նեղուցով առևտրային նավագնացության վրա: Մինչդեռ համաշխարհային էներգակիրների գներն աճում են:
• Սակայն Խարգ կղզին գրավելու գործողությունը, որը գտնվում է ափից 15 մղոն հեռավորության վրա և մշակում է Իրանի հում նավթի արտահանման 90%-ը, կարող է ամերիկյան զորքերն ավելի անմիջականորեն ենթարկել ռմբակոծությունների վտանգին:
• Ուստի նման գործողություն կսկսվի միայն այն բանից հետո, երբ ԱՄՆ զինված ուժերը հետագայում կթուլացնեն Իրանի ռազմական ներուժը Հորմուզի նեղուցի շրջակայքում: «Մեզ մոտ մեկ ամիս է պետք, որպեսզի հարվածներով էլ ավելի թուլացնենք իրանցիներին, գրավենք կղզին, հետո նրանց ձվերը բռնենք ու օգտագործենք բանակցությունների համար», – ասել է Սպիտակ տան մտածելակերպին տիրապետող աղբյուրը:
• Նման գործողությունը, եթե հաստատվի, կպահանջի նաև լրացուցիչ զորքեր: Երեք տարբեր ծովային հետևակային ստորաբաժանումներ ճանապարհին են դեպի տարածաշրջան: Սպիտակ տունը և Պենտագոնը դիտարկում են մոտ ապագայում էլ ավելի շատ զորքեր ուղարկել, ասել է ամերիկացի պաշտոնյան:
Ինչ են ասում. «Նա ուզում է, որ Հորմուզը բաց լինի: Եթե դա իրականացնելու համար պետք է գրավի Խարգ կղզին, դա տեղի կունենա: Եթե որոշի առափնյա ներխուժում իրականացնել, դա տեղի կունենա: Բայց այդ որոշումը դեռ չի կայացվել», – Axios-ին ասել է վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան:
• «Մենք միշտ էլ ցամաքային զորքեր ենք ունեցել հակամարտություններում յուրաքանչյուր նախագահի օրոք, այդ թվում՝ Թրամփի: Գիտեմ, որ դա մամուլի մոլուցքն է, և ես հասկանում եմ քաղաքականությունը, բայց նախագահը անելու է այն, ինչ ճիշտ է», – ասել է երկրորդ բարձրաստիճան պաշտոնյան՝ հավելելով, որ որևէ որոշում չի կայացվել:
• Սենատոր Թոմ Քոթոնը (Հանրապետական, Արկանզաս), ով ղեկավարում է Սենատի հետախուզության հանձնաժողովը, ասել է, որ Թրամփը «խոհեմ» է եղել՝ չբացառելով ցամաքային ներխուժումը, թեև չի ցանկացել ասել՝ արդյոք ինքը կողմ է:
• Քոթոնը պնդել է, որ նեղուցի փակումը Իրանի կողմից հուսահատության արարք է, սակայն նշել է, որ Թրամփն այդ դեպքի համար ունի «լեռներով ծրագրեր»:
Հակառակ կողմը. Թեև Խարգ կղզին կարևոր է Իրանի նավթային արդյունաբերության համար, երաշխիք չկա, որ դրա գրավումը կհամոզի Թեհրանին՝ խաղաղություն կնքել Թրամփի պայմաններով:
• Թիկնածադմիրալ (պաշտոնաթող) Մարկ Մոնթգոմերին Axios-ին ասել է, որ նման առաքելությունը կարող է ենթարկել ամերիկյան զորքերը անհարկի ռիսկի՝ հաշվի առնելով անորոշ օգուտը:
• «Եթե մենք գրավենք Խարգ կղզին, նրանք մյուս ծայրում կփակեն փականը: Չէ՞ որ մենք չենք վերահսկում նրանց նավթի արդյունահանումը», – ասել է նա:
• Մոնթգոմերին ասել է, որ ավելի հավանական է, որ մոտ երկու շաբաթվա ընթացքում Իրանի կարողությունները թուլացնող հարձակումներից հետո, ԱՄՆ-ն նեղուց կուղարկի ականակիրներ և ինքնաթիռներ՝ տանկերներն ուղեկցելու համար՝ վերացնելով ներխուժման անհրաժեշտությունը:
Հետադարձ հայացք. Թրամփն ի սկզբանե ցանկանում էր պատերազմն ավարտել մինչև մարտի վերջին Չինաստան կատարելիք նախատեսված այցը:
• Նեղուցի ճգնաժամը ստիպել է նրան հետաձգել այդ ուղևորությունը և շարունակել պատերազմն ավելի երկար, քան նա նախատեսել էր, հայտնել են երկու աղբյուրներ:
Անցած ուրբաթ ԱՄՆ զինված ուժերը խոշոր օդային հարվածներ են հասցրել Խարգ կղզու տասնյակ ռազմական թիրախների:
• Հարվածը «նախազգուշական կրակոց» էր՝ իրանցիներին համոզելու համար վերաբացել նեղուցը, ասել են ամերիկացի պաշտոնյաները: Սակայն դա նաև նախապատրաստական քայլ էր՝ կղզում Իրանի ռազմական հնարավորությունները թուլացնելու և պոտենցիալ ցամաքային գործողության հիմք ստեղծելու համար:
• «Մենք կարող ենք կղզին գրավել ցանկացած պահի, երբ ցանկանանք: Ես այն անվանում եմ փոքրիկ կղզի, որն այնքան լիովին անպաշտպան է: Մենք ամեն ինչ ոչնչացրել ենք, բացի խողովակներից: Խողովակները թողել ենք, քանի որ դրանք վերականգնելու համար նրանց տարիներ կպահանջվեն», – ասել է Թրամփը հինգշաբթի:
• Թրամփը հինգշաբթի նաև լրագրողներին ասել է, որ ինքը «զորքեր չի տեղակայում», թեև ավելացրել է. «Եթե տեղակայեի, ձեզ հաստատ չէի ասի»:
Կուլիսներում. Երեք աղբյուրներ հայտնել են, որ կղզու գրավումը ցամաքային զորքերի կողմից լուրջ քննարկվում է:
• Մեկ այլ տարբերակ է ծովային շրջափակում սահմանելը և տանկերների՝ կղզի հասնելը կանխելը:
• Մեկ աղբյուր հայտնել է, որ Պենտագոնի իրավաբաններից նույնիսկ խորհրդատվություն է խնդրվել՝ նման հնարավոր քայլերի օրինականության վերաբերյալ կարծիք ստանալու համար:
Հաջորդը. Ի լրումն 2500 հոգանոց ծովային հետևակային արշավախմբային ուժի, որը կժամանի օրերս, ևս երկու նմանատիպ մեծության ստորաբաժանումներ ևս շարժվում են դեպի տարածաշրջան:
• Սպիտակ տունը և Պենտագոնը քննարկում են դրանից հետո էլ լրացուցիչ ուժերի ուղարկում, սակայն որևէ որոշում չի կայացվել: Newsmax-ը և Reuters-ն առաջինն են հայտնել ուժերի համալրման ծրագրերի մասին:
• Մեկ աղբյուր զգուշացրել է, որ ծովային հետևակայինների համար կան բազմաթիվ հնարավոր գործողություններ՝ բացի Խարգ կղզուց, ինչպիսին է, օրինակ, տարածաշրջանում դեսպանատների աշխատակազմերի տարհանումը, եթե անհրաժեշտություն լինի:
