Ողջույն
Ներկայացվում է երկու վերլուծական հոդվածներ, որոնք անդրադառնում են Վաշինգտոնի և Թել Ավիվի քաղաքական ու ռազմական մանևրներին Թեհրանի նկատմամբ։ Հոդվածները հրապարակվել են տարբեր ժամանակահատվածներում և արտացոլում են զարգացումների տրամաբանությունը՝ սկսած ռազմական սպառնալիքներից մինչև դիվանագիտական առաջարկների շուրջ ընթացող թաքնված պայքարը:
Առաջին հոդվածը վերլուծում է այն փուլը, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել էր հարվածել Իրանի էլեկտրական ցանցերին՝ Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված լարվածության ֆոնին: Այստեղ քննվում են «արագ հաղթանակի» ձախողված ռազմավարությունը, ցամաքային զորքերի ներգրավման հավանական սցենարները, ինչպես նաև Իսրայելի դերը՝ որպես ԱՄՆ-ին հակամարտության մեջ ներքաշելու ձգտող կողմ:
Երկրորդ հոդվածը շարունակում և զարգացնում է թեման՝ անցնելով դիվանագիտական դաշտ: Այն կենտրոնանում է Թրամփի կողմից ռազմական գործողությունների ժամկետի «երկարաձգման» մասին տարածած պնդումների, Իրանի արձագանքի և ԱՄՆ-ի տասնհինգ կետանոց առաջարկի շուրջ ընթացող անուղղակի բանակցությունների վրա: Միաժամանակ, հոդվածը ներկայացնում է ռազմական գործողությունների շարունակականությունը, դրանց տնտեսական հետևանքները համաշխարհային շուկաների վրա, ինչպես նաև Ամերիկայի ներքաղաքական զարգացումները՝ ի դեմս Թրամփի նվազող ժողովրդականության:
Այս աշխատանքի նպատակն է , խորը վերլուծություն՝ համադրելով ռազմական, դիվանագիտական և տնտեսական գործոնները՝ տալով հակամարտության զարգացման համակարգված պատկերացում:
Այս թարգմանության արտահայտված գնահատականներն ու ձևակերպումները պարտադիր չէ, որ արտացոլեն Շահումյան կազմակերպության տեսակետները
Սկսենք առաջին հոդվածից։»
Վերլուծություն Վաշինգտոնի և Թել Ավիվի վերջին մանևրների վերաբերյալ Թեհրանի հանդեպ
Հեղինակ՝ Շեն Ի
Ֆուդանի համալսարանի քաղաքագիտության պրոֆեսոր
Վերջին քսանչորսից քառասունութ ժամվա ընթացքում Դոնալդ Թրամփի հայտարարությունները, Իրանի դաշտում տեղի ունեցող զարգացումները և ապագայի հավանական սցենարները ռազմավարական հարցերի մի ամբողջ շղթա են դրել դիտորդների առջև: Եկեք այս բարդ գլուխկոտրուկը քանդենք կտոր-կտոր:
Առաջին մաս. «Վերջնագրից» մինչև «հետաձգում». հակասությունների պար
Մարտի 21-ին Թրամփը սոցիալական ցանցերում հրապարակեց մի ուղերձ, որը կրում էր «վերջին նախազգուշացման» համը. Իրանը քառասունութ ժամվա ընթացքում պետք է «ամբողջությամբ և առանց որևէ սպառնալիքի» բացի Հորմուզի նեղուցը. հակառակ դեպքում, Ամերիկան թիրախավորելու է երկրի էլեկտրական ենթակառուցվածքները, և առաջին զոհը լինելու է Իրանի ամենամեծ էլեկտրակայանը:
Այս հայտարարությունը փոթորիկ առաջացրեց արձագանքների մեջ. ոչ միայն Իրանին և Հորմուզին ակնարկելու պատճառով, այլ որովհետև նրա տոնայնությունը ակնհայտ տարբերվում էր Թրամփի նախկին դիրքորոշումներից: Քանի որ ընդամենը մեկ օր առաջ նա հավանական էր համարել Իրանի դեմ ռազմական գործողությունների դադարեցումը, նույնիսկ առանց Հորմուզի հարցի կարգավորման:
Թեհրանը անմիջապես և վճռականորեն կոշտ պատասխան տվեց այս վերջնագրին: Եվ համաշխարհային հանրությունը սպասում էր այդ «քառասունութ ժամվա պատուհանին». արդյոք Թրամփը կկատարի իր խոստումը: Արդյոք պատերազմի բոցերն ավելի կբորբոքվե՞ն:
Բայց մարտի 23-ի վճռական պահին, հենց սահմանված ժամկետի ավարտից առաջ, Թրամփը հանկարծ հայտարարեց. Իրանի էլեկտրակայաններին հարվածելը հետաձգվում է հինգ օրով: Ուշադրություն դարձրեք. ոչ թե ամբողջ գործողությունը, այլ միայն էլեկտրակայաններին հասցված հարվածները: Մյուս թիրախները դեռևս մնում են հարձակման կիզակետում:
Եվ կարևոր նրբերանգն այն է, որ Թրամփը միաժամանակ հայտնեց Ամերիկայի և Իրանի միջև «շատ կառուցողական և բեղմնավոր բանակցությունների» մասին և խոստացավ «համապարփակ լուծում». ուստի, ռազմական գործողության հետաձգումը հնարավորություն է բանակցությունների արդյունքները գնահատելու համար:
Նա նույնիսկ բացահայտեց իր ներկայացուցիչների անունները. Ուիտկոֆը՝ Մերձավոր Արևելքի հատուկ հանձնակատարը, և Ջարեդ Քուշները՝ նախագահի փեսան: Եվ պնդեց, որ իրանական կողմը «Իրանի շատ հարգված առաջնորդներից մեկն» է, որին, ենթադրաբար, նկատի ունի խորհրդարանի խոսնակը: Բայց Թեհրանը կես ժամից էլ քիչ անց ամբողջովին հերքեց այս պնդումը և անուղղակիորեն ակնարկեց, որ բանակցությունների մեջ մտնելու պայմանը հարստացված ուրանի ամբողջ ծավալի Իրանից դուրս հանման կետի հեռացումն է:
—
Երկրորդ մաս. խոսակցությունների շուկա, թաքնված շահ և իրականության ճնշում
Այս հայտարարություններից հետո ասպարեզում արձանագրվեցին արձագանքներ, որոնք ջնջեցին քաղաքականության և շոուի միջև սահմանը: Նախ, Թրամփի ելույթից ուղիղ տասնհինգ րոպե առաջ, հատուկ տեղեկատվության հասանելիություն ունեցող գործարքներ կնքողները, հակառակ շուկայի սպասումներին, հակառակ դիրքորոշում որդեգրեցին և մեծ շահույթ քաղեցին ֆյուչերսների շուկայի կտրուկ տատանումներից: Այս դեպքը կրկին բուռն քննարկումների տեղիք տվեց. եթե «Կապիտոլիումի ֆոնդային բորսայի աստվածը» գաղտնի լուրերով է առևտուր անում, ապա «Սպիտակ տան ֆոնդային բորսայի աստվածն» ինքն է գների կորը գծում:
Այդուհանդերձ, Թրամփի հանկարծակի ճկունությունը անպատճառ չէր: Իհարկե, անձնական շահ ստանալը անտեսելի շարժառիթ է. բայց կային նաև երկու ավելի ռազմավարական գործոններ.
- Դաշնակիցների աջակցության բացակայություն. Վաշինգտոնը նույնիսկ գործնական համագործակցության որևէ նշան չստացավ իր գործընկերներից:
- Համաշխարհային շուկաների բացասական արձագանքը. Էներգետիկ և կապիտալի շուկաները շատ անորոշ ազդանշաններ փոխանցեցին:
Սրանք այն ուժերն էին, որոնց Թրամփը չէր կարող հեշտությամբ դիմակայել: Կապիտալի շուկայի տատանումն ուղղակիորեն ազդում է նավթի գնի վրա. իսկ նավթի գնի տատանումն ակնհայտորեն և արագորեն փոխանցվում է Ամերիկայի ներքին տնտեսությանը: 2026 թվականի ընտրությունների տարում, ճնշման տակ գտնվող ամերիկացի ժողովուրդն իր դժգոհությունն անմիջապես կվերածի ընտրական քվեի, և սա հենց այն սցենարն է, որի հետ առերեսվելու ամենափոքր ցանկությունն ունի Թրամփը՝ զսպման բոլոր միջոցների մեջ: Ուստի, ժամանակավոր հանգստության որոնումը և մարտավարության փոփոխությունը սպասելի էին:
—
Երրորդ մաս. «Արագ հաղթանակի» պատրանքի ավարտ. նոր փուլի սկիզբ
Հինգօրյա հետաձգման հայտարարությունից հետո կարելի է արձանագրել, որ Ամերիկայի և Իսրայելի ռազմական գործողություններն Իրանի դեմ մտել են նոր փուլ: Այս փուլի առանձնահատկությունը. «արագ հաղթանակի» երազանքի ձախողման ընդունումը:
Ի՞նչ է նշանակում «արագ հաղթանակ»: Բարձր ինտենսիվության և ճշգրտության օդային գործողություններ՝ մեկ-երկու շաբաթվա, առավելագույնը մեկ ամսվա տևողությամբ, առանց ցամաքային զորքերի ներգրավման: Նպատակն է՝ քաղաքական առաջնորդների ֆիզիկական վերացումը, ռեժիմի անվտանգության հենակետային հանգույցների (Սեպահի հրամանատարներից մինչև գործադիր մարմինների աշխատակիցներ) ոչնչացումը և, ի վերջո, Վաշինգտոնի ու Թել Ավիվի սպասելիքներին համապատասխան ներքին ապստամբության հրահրումը:
Առկա տեղեկությունների համաձայն, Ամերիկան, ըստ երևույթին, ընդունել է Իսրայելի վերլուծությունը. իսկ Իսրայելի կառավարությունն էլ, իր հերթին, հիմնվել է «Մոսադի» գնահատականի վրա. որ նման գործողությամբ Իրանում տեղի կունենան Արևմուտքին ցանկալի քաղաքական զարգացումներ. և այդ զարգացումները կունենան կայուն աշխարհաքաղաքական օգուտներ. միջամետ կառավարություն կփոխարինի ներկա իրավիճակին, որը կհանձնի Իրանի հրթիռային և միջուկային հզորությունը և երկիրը կվերածի կայունություն ստեղծող, նույնիսկ Ամերիկայի ու Իսրայելի համար օգտակար դերակատարի: Եվ այսպիսով, «իրանական խնդիրը» մեկընդմիշտ կլուծվի:
Սա, իհարկե, «հաղթանակի» հստակ սահմանումն է: Բայց այսօր ակնհայտ է, որ նման սցենարի իրականացումը փաստացի ձախողվել է:
—
Չորրորդ մաս. ռազմավարական երկընտրանք. պատվավոր նահանջ, թե վտանգավոր սրման գնալը
Այժմ հիմնական հարցն է. արդյոք Վաշինգտոնն ու Թել Ավիվը, ընդունելով դաշտի իրականությունը, կփնտրե՞ն պատվավոր ելք՝ կառուցելով «հաղթանակի» շուրջ ութ կամ տասը խորհրդանշական ձեռքբերումների (նույնիսկ առաջնորդների ֆիզիկական վերացում) պատում, իսկ հետո թողնելով ասպարեզը: Թե՞, ընդունելով սրման ռիսկը, կփորձեն կոտրել փակուղին:
Առկա վկայությունները ցույց են տալիս, որ Թրամփի ռազմավարությունը «սահմանափակ բանավոր ճկունության» և «սրման հնարավորության սպասման» համադրություն է: Եվ այս սրման կիզակետը, ամենայն հավանականությամբ, լինելու է ցամաքային զորքերի մուտքը:
Ամերիկայի ռազմական տեղաշարժերը հետևում են հստակ օրինաչափության.
- Արևելյան Ասիայից 2500 հետևակայինի տեղափոխում;
- Ամերիկայի մայրցամաքից ևս 2500 զինծառայողի ուղարկում;
- 82-րդ օդադեսանտային դիվիզիայի շարժական ստորաբաժանումներից 3000 մարդու տեղափոխում;
- և տարածաշրջանում արդեն իսկ տեղակայված հատուկ նշանակության ուժերի միացում:
Այս տեղաշարժերի արդյունքը. 8000 հոգուց բաղկացած ճկուն, թեթև զինված և կազմակերպված ցամաքային ուժերի միջուկի ձևավորում, ոչ թե դասական ճակատային մարտի, այլ օդային և ծովային գերակայության ծածկույթի ներքո, դաշտի իրավիճակային տեղեկացվածության առավելության վրա հիմնված թիրախային հարվածային գործողությունների իրականացման համար:
Այս ստորաբաժանումների հավանական նպատակները.
- հարստացված ուրանի պաշարների ֆիզիկական ոչնչացում տեղում;
- Հորմուզի նեղուցում առանցքային աշխարհագրական կետերի գրավում;
- կամ նույնիսկ Խարգ կղզու՝ Իրանի նավթային հենակետի օկուպացում՝ այն համոզմամբ, որ Թեհրանի ռազմավարական նավթային պաշարների վերահսկողությունը լծակ կհանդիսանա Իրանին լիակատար հանձնման ստիպելու համար:
Ասում են, որ Թրամփն ակնկալում է, որ այս ամբողջ գործողությունը մինչև ապրիլի ինը-ը, այսինքն՝ իր իսկ սահմանած ժամկետում, կավարտվի «վճռական հաղթանակով», և նա հաղթական դեմքով կլքի ասպարեզը:
Բայց ո՞րն է դաշտի իրականությունը:
Հիմնվելով Ամերիկայի ռազմական արդյունավետության առկա գնահատականների վրա և հաշվի առնելով աշխարհագրությունը, Իրանի պաշտպանական հզորությունը և տարածաշրջանի աշխարհաքաղաքական բարդությունները, այս ռազմավարական լավատեսությունը հաստատող ամուր ապացույցներ գոյություն չունեն: Այդուհանդերձ, պետք է ընդունել, որ այս առճակատումն ի սկզբանե չի ընթացել միջազգային ընդունված ռացիոնալության շրջանակներում: Ուստի, հենց այդ ծայրահեղ լավատեսությունը, որ սովորական պայմաններում անընդունելի է թվում, հենց այն «գործնական իրականությունն» է, որն Վաշինգտոնի որոշումների կայացման շրջանակում հիմք է հանդիսացել գործողության համար:
—
Հինգերորդմաս. Իսրայել. դերակատար, որըչիցանկանում, որխաղնավարտվի
Այս ամենի մեջ օրեցօր ավելի ակնհայտ է դառնում մի իրողություն. Իսրայելը հեշտությամբ չի ընդունի Ամերիկայի դուրս գալն այս ասպարեզից: Եվ նա ունի բազմաթիվ գործիքներ Վաշինգտոնին հետ պահելու համար, այդ թվում՝ «կեղծ դրոշի» գործողությունների իրականացումը:
Ամերիկայի հակաահաբեկչական կենտրոնի ղեկավարի հրաժարականից հետո հրապարակվեցին բացահայտումներ, որոնք ցույց էին տալիս, որ Իսրայելը Ամերիկայի և Իրանի ճգնաժամի խաղաղ կարգավորման շփումների վճռական պահերին դաշտային գործողություններ է ձեռնարկել՝ սկսած Լարիջանիի նման գործիչների թիրախային սպանություններից մինչև էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարձակումներ՝ նպատակ ունենալով ոչնչացնել ցանկացած կարճաժամկետ համաձայնության հնարավորություն, Իրանին մղել վրեժի շրջապտույտի մեջ և, ի վերջո, Ամերիկային ներքաշել սրման, այլ ոչ թե լարվածության նվազեցման ճանապարհով՝ Թել Ավիվի ցանկալի ռիթմով:
Այս սցենարները կա՛մ արդեն ընթացքի մեջ են, կա՛մ շատ մեծ է դրանց տեղի ունենալու հավանականությունը մոտ ապագայում:
Տրամաբանական եզրակացություն. պետք է ելնել այն ենթադրությունից, որ զգալի հավանականությամբ, կարճաժամկետ (մի քանի օր) և միջնաժամկետ (մի քանի շաբաթ) հատվածում Ամերիկայի ցամաքային զորքերը Մերձավոր Արևելքում գործի կանցնեն և թիրախավորելու են Իրանի տարածքը: Այս իրադարձությունը, նույնիսկ եթե այն ուղեկցվի շոուի տարրերով, պահանջում է նախապատրաստվածություն վերլուծական մակարդակով:
Եվ այդ պահին կբացվի երկրորդ սրման հանգույցը. հարված էներգամատակարարման շղթային, հիմնական ապրանքների գների տատանում և համաշխարհային տնտեսության վերականգնման գործընթացի խաթարում:
—
Վեցերորդմաս. վերջնականվտանգ. երբ «խաղաղությանհույսն» ինքն է մղձավանջդառնում
Բայց ճիշտն ասած, նույնիսկ սա ամենավատ սցենարը չէ:
Իրական փորձությունը, կամ ճգնաժամի գագաթնակետը կլինի այն պահը, երբ խաղաղության հույսն իսկապես կծնվի:
Պատկերացրեք. Ամերիկան, համակողմանի հաշվարկներից հետո, հասել է գործողություններից ռազմավարական հոգնածության ինչ-որ աստիճանի, ցանկանում է հեռանալ ասպարեզից, բայց հիմնական առաքելությունը՝ այսինքն Իրանի միջուկային և հրթիռային հզորության լիակատար, վերջնական և անվերադարձ ոչնչացումը, դեռ իրականացված չէ:
Նման միջավայրում Իսրայելը կարող է ենթարկվել «ըմբոստ արձագանքի» մի տեսակի. արգելված զենքերի հանում Նեգևի անապատից, ներառյալ մարտավարական միջուկային մարտագլխիկները, և դրանց կիրառումն այնպիսի ձևով, որը դուրս է գալիս ընդունված ռացիոնալության սահմաններից: Ոչ թե զսպման, այլ լայնածավալ ֆիզիկական ավերածությունների և «անվերադարձ իրականության» ստեղծման համար:
Նման սցենարի ի հայտ գալը, կամ նույնիսկ դրա տեղի ունենալու հավանականության հանկարծակի աճը որոշակի պահի, կարող է վերածվել այս ճգնաժամի վերջնական փորձության և նրա ճակատագրական շրջադարձային կետի:
Արդյոք սա ցածր հավանականության իրադարձությո՞ւն է: Այո:
Արդյոք դրա տեղի ունենալու հավանականությունն աճո՞ւմ է: Ցավոք, այո:
Ինչու՞: Որովհետև Իսրայելի համար ներկայիս Իրանի ամենամեծ մարտահրավերն սա է. Թեհրանը ճանապարհ է գտել, որ Հորմուզի նեղուցն ամբողջությամբ չփակելով, այս ջրային ուղու վերահսկողությունից բխող ճնշումը գործադրի Ամերիկայի, Իսրայելի և նրանց դաշնակիցների տնտեսության վրա՝ ստեղծելով «Հորմուզի անցակետ» և նավերը ուղղորդելով Իրանի գործառնական վերահսկողության տակ գտնվող ուղիներով: Ծովային երթևեկության այս նոր օրինաչափությունը հիմնարար փոփոխություն է տարածաշրջանի անվտանգության հավասարակշռության մեջ, և այս փոփոխությունը ներկայումս գնահատվում է Իսրայելի հանդուրժողականության շեմից վեր:
Թել Ավիվի տեսանկյունից, նման իրավիճակի ամրապնդմանը թույլ տալը բացարձակապես անընդունելի է: Եվ եթե Ամերիկան չկարողանա բավական երկար մնալ Իրանում և բավարար վնաս հասցնել, ապա այս իրավիճակը կա՛մ կառաջանա, կա՛մ կպահպանվի: Եվ սա Իսրայելի, և նույնիսկ Ամերիկայի ներսում գտնվող որոշ հզոր շրջանակների համար կարմիր գիծ է:
—
Եզրափակիչխոսք. «Հանգստությունփոթորկիցառաջ», թե՞ «ուժերիկուտակումվերջնականհարվածիհամար»
Ընդհանուր ամփոփում.
Քանի որ «արագ հաղթանակի» սկզբնական ծրագիրը՝ օդային հարձակումների և ներքին ռեժիմի փոփոխության միջոցով, բախվել է համակողմանի ձախողման, կարծես թե Ամերիկան և Իսրայելը վերաձևավորում են հաղթանակի հավասարակշռությունը, այս անգամ սահմանափակ ցամաքային ուժերի ներգրավմամբ:
Այս գործընթացում Վաշինգտոնը մեղմացնող ազդանշաններ կհաղորդի, որպեսզի մինչև ցամաքային զորքերի մուտքը, ռիսկի ցուցանիշները, հատկապես էներգիայի գինը, չամրագրվեն բարձր մակարդակում: Որովհետև եթե այդ ցուցանիշները նախօրոք արդեն գագաթնակետին լինեն, ապա ցամաքային զորքերի մուտքն ու դրան հաջորդող սրումը կարող են անտանելի քաղաքական բեռ դնել Սպիտակ տան վրա:
Ուստի, խաղադրույքները մեծացնելու համար նախ պետք է ժամանակավոր հանգստություն ստեղծել:
Եվ այն, ինչ այսօր դիտվում է որպես «ճկունություն», ամենայն հավանականությամբ, դա հենց հաջորդ հարվածից առաջ «ուժերի կուտակման» փուլն է:
Եվ համաշխարհային աշխարհաքաղաքական հորիզոնում.
Այս գործը, անկասկած, կարճաժամկետ իրադարձություն չի լինի: Սա, առնվազն, միջնաժամկետ ճգնաժամ է, և գուցե վերածվի երկարաժամկետ մարտահրավերի, որը խոր ազդեցություն կթողնի ապագայի միջազգային կարգի վրա:
Ուստի, տեղին է, որ տեղեկացված դիտորդները կրկնակի ճշգրտությամբ և համակողմանի վերլուծությամբ հետևեն այս ասպարեզի զարգացումներին. որովհետև այս ռազմավարական փորձության հետևանքները կորոշեն ոչ միայն Մերձավոր Արևելքի ճակատագիրը, այլև ամբողջ համաշխարհային համակարգի վաղվա ուղղությունը:
—
Ողջույն
Սա նախորդ ձայնագրության շարունակությունն է: Նախորդ մասում մենք անդրադարձանք Վաշինգտոնի և Թել Ավիվի ռազմական մանևրներին, «արագ հաղթանակի» ձախողված ռազմավարությանը և ցամաքային զորքերի ներգրավման հավանական սցենարներին:
Իսկ այս՝ երկրորդ մասում, կներկայացնենք հետագա զարգացումները: Ուշադրության կենտրոնում է դիվանագիտական դաշտը՝ ԱՄՆ-ի տասնհինգ կետանոց առաջարկը, Իրանի արձագանքը, անուղղակի բանակցությունները, ինչպես նաև ռազմական գործողությունների շարունակականությունը, դրանց տնտեսական հետևանքները համաշխարհային շուկաների վրա և Ամերիկայի ներքաղաքական զարգացումները:
Նախ հիշեցնենք ,որ Այս թարգմանության արտահայտված գնահատականներն ու ձևակերպումները պարտադիր չէ, որ արտացոլեն Շահումյան կազմակերպության տեսակետները
