Նախիջևանում Հունիսի 19,ին անցկացվող այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» գաղափարախոսության շրջանակում կազմակերպվող փառատոններն ու պետական մակարդակով հնչող հայտարարությունները բացահայտորեն վկայում են Ադրբեջանի կողմից իրականացվող հետևողական, համակարգված և պետականորեն հովանավորվող հակահայկական քաղաքականության մասին։ Այս գործընթացը չի կարող դիտարկվել որպես մշակութային կամ պատմական բնույթի նախաձեռնություն․ այն քաղաքական ծրագիր է, որի նպատակն է ձևավորել Հայաստանի Հանրապետության նկատմամբ տարածքային պահանջների գաղափարական հիմք և երկարաժամկետ ռազմավարական ճնշում։
Այս քաղաքականությունը ուղեկցվում է պատմության միտումնավոր խեղաթյուրումով, տարածաշրջանային իրականության վերաձևակերպման փորձերով և Հայաստանի նկատմամբ թշնամական ընկալումների համակարգված խորացմամբ։ Այն ոչ միայն չի նպաստում խաղաղությանը, այլ հակառակը՝ նպատակաուղղված է վստահության ոչնչացմանը և նոր հակամարտային հիմքերի ձևավորմանը։
Այս ամենը տեղի է ունենում այն ժամանակ, երբ Արցախի ամբողջ հայ բնակչությունը ենթարկվեց զանգվածային բռնի տեղահանման՝ ավելի քան 100 հազար մարդ ստիպված լքելով իրենց հայրենիքը։ Այս իրողությունը միջազգային բազմաթիվ գնահատականներում դիտարկվում է որպես էթնիկ զտման դրսևորում կամ դրա ուղիղ հետևանք, և այն անջնջելի հետք է թողել տարածաշրջանային անվտանգության և վստահության ցանկացած հեռանկարի վրա։
Այս պայմաններում արդարացի և անխուսափելի հարց է առաջանում․ եթե Ադրբեջանի իշխանությունները հայտարարում են Հայաստանի հետ խաղաղության հասնելու մասին, ապա ինչպե՞ս են այդ հայտարարությունները համատեղելի պետական հովանավորությամբ իրականացվող այնպիսի գաղափարախոսության հետ, որը խեղաթյուրում է պատմությունը և Հայաստանի նկատմամբ ձևավորում է պատմաքաղաքական պահանջների ու թշնամական ընկալումների միջավայր։
Շահումյան կազմակերպությունը հայտարարում է, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից շարունակաբար հնչեցվող այն պնդումը, թե «Արևմտյան Ադրբեջան» գաղափարախոսությունը և դրա շուրջ առկա մտահոգությունները ընդդիմության կողմից արհեստականորեն ձևավորված կեղծ օրակարգ են, իրականության հետ լիովին չի համապատասխանում և համոզիչ չի ընկալվում ոչ Հայաստանում, ոչ էլ Սփյուռքում։
Այս քաղաքական մոտեցումն այլևս չի կարող արդարացվել որևէ «խաղաղության գործընթացի» տրամաբանությամբ։ ՀՀ իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ Արցախի հարցը փակված է և փորձել են նույն հարթության վրա դիտարկել նաև «Արևմտյան Ադրբեջան» կոչվող խոսույթը։ Սակայն հասարակությունը ականատես է, որ սա բացառապես Հայաստանի իշխանությունների խաղաղության օրակարգի դիրքորոշումն ե համոզմունքն է, այլ ոչ թե Ադրբեջանի պետական քաղաքականությունը։ Ընդհակառակը՝ Ադրբեջանի իշխանությունները «Արևմտյան Ադրբեջան» գաղափարախոսությունը ներկայացնում և զարգացնում են որպես երկարաժամկետ ռազմավարական ուղղություն։
Այս պայմաններում Հայաստանի պետական մարմինները անհրաժեշտ է հրապարակային և հետևողական կերպով արձագանքել ցանկացած պետական կամ պետականորեն խրախուսվող ադրբեջանական քաղաքականության, հայտարարության կամ նախաձեռնության, որը ուղղակի կամ անուղղակի կերպով ուղղված է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և ազգային անվտանգության դեմ։
Արցախի հարցը և «Արևմտյան Ադրբեջան» քաղաքական խոսույթը նույն նժարի վրա դնելը պատմականորեն և քաղաքականորեն անհամաչափ ու սխալ մոտեցում է։ Արցախի հայության բազմադարյա ներկայությունը պատմական և փաստական իրականություն է, մինչդեռ «Արևմտյան Ադրբեջան» գաղափարախոսությունը ժամանակակից քաղաքական նախագիծ է, որը ծառայում է Հայաստանի նկատմամբ տարածքային և քաղաքական հավակնությունների առաջմղմանը։
Մտահոգիչ է նաև այն հանգամանքը, որ այս խոսույթը փորձ է արվում տարածել ոչ միայն ուժային կամ դիվանագիտական մեթոդներով, այլ այսպես կոչված «փափուկ ուժի» գործիքակազմի միջոցով՝ ձևավորելով կեղծ հանրային ընկալումներ և նախադրյալներ ապագա պահանջների համար։ Այս քաղաքականության ռազմավարական նպատակը կարող է դիտարկվել որպես Հայաստանի նկատմամբ նոր ճնշումների և հավակնությունների հիմքերի ստեղծում։ Պատմական փորձը, մասնավորապես Նախիջևանի հայաթափման ողբերգական օրինակը, ստիպում է առավել զգոնությամբ վերաբերվել նման զարգացումներին։
Այս պայմաններում Հայաստանի իշխանությունների քաղաքական պասիվությունը և ոչ համարժեք արձագանքները գործնականում ոչ միայն չեն կանխում առկա վտանգները, այլև խրախուսում են նոր պահանջների ձևավորումը և ամրապնդում հակահայկական քարոզչական օրակարգը։ Լռությունը չի կարող դիտարկվել որպես խաղաղության գործիք. այն ընկալվում է որպես թույլատրող և խրախուսող վարքագիծ, որն ավելի է մեծացնում Հայաստանի առջև ծառացած ռազմաքաղաքական մարտահրավերները։
ԴԻՄՈՒՄ ՍՓՅՈՒՌՔԻՆ
Միաժամանակ կոչ ենք անում աշխարհի տարբեր երկրներում բնակվող հայությանը, հայկական կազմակերպություններին, քաղաքական և հասարակական շրջանակներին՝ չլինել այս գործընթացների նկատմամբ անտարբեր։ Անհրաժեշտ է բարձրացնել իրազեկվածությունը, արձագանքել քաղաքական և տեղեկատվական հարթակներում և պահանջել հստակ գնահատականներ բնակության երկրների իշխանություններից՝ կապված Ադրբեջանի կողմից իրականացվող այս քաղաքականության հետ։
Շահումյան կազմակերպությունը վերահաստատում է, որ իրական խաղաղությունը չի կարող կառուցվել ուժի, ճնշման, պատմության խեղաթյուրման կամ քաղաքական զիջողականության հիման վրա։ Այն հնարավոր է միայն միջազգային իրավունքի անվերապահ հարգման, տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման և ցանկացած թշնամական քարոզչության բացառման պայմաններում։ Առանց այս հիմքերի տարածաշրջանում ցանկացած «խաղաղության» խոսույթ մնում է ձևական և խոցելի՝ նոր լարվածությունների վերածվելու բարձր ռիսկով։
Շահումյան կազմակերպություն
Երեվան
Հունիս 20 – 2026 թ
։
