Տասնամյակներ շարունակ թվում էր, թե Միացյալ Նահանգների գերիշխանությունը հավերժ է։ Ամերիկան համարվում էր աշխարհի տնտեսական, ռազմական և քաղաքական առաջնորդը, իսկ արևմտյան աշխարհը որոշում էր միջազգային հարաբերությունների հիմնական կանոնները։
Սակայն այսօր աշխարհը բոլորովին այլ ուղղությամբ է շարժվում։
Ամերիկայի տնտեսական գերիշխանությունը աստիճանաբար թուլանում է, Եվրոպան բախվում է տնտեսական և ժողովրդագրական լուրջ խնդիրների, իսկ աշխարհում մեկը մյուսի հետևից նոր ճգնաժամեր են ծագում։
Ուկրաինա, Մերձավոր Արևելք, Կարմիր ծով, Թայվան, Կորեական թերակղզի…
Այս ամենը ցույց է տալիս, որ աշխարհը մտել է նոր փուլ։
Այդ ընթացքում, գրեթե առանց աղմուկի, մի երկիր շարունակում է կայուն առաջ շարժվել։
Այդ երկիրը Չինաստանն է։
Եթե 40 տարի առաջ որևէ մեկը ասեր, որ Չինաստանը մի օր կմրցի Միացյալ Նահանգների հետ, շատերը պարզապես չէին հավատա։
Այդ ժամանակ Չինաստանը աղքատ գյուղատնտեսական երկիր էր։
Այսօր այն աշխարհի խոշորագույն արդյունաբերական տնտեսությունն է։
Այն արտադրում է աշխարհի էլեկտրոնիկայի, նավերի, արագընթաց գնացքների, արևային վահանակների, մարտկոցների և բազմաթիվ այլ ապրանքների զգալի մասը։
Չինաստանը դարձել է նաև առաջատար արհեստական բանականության, տիեզերական տեխնոլոգիաների և վերականգնվող էներգետիկայի ոլորտներում։
Ինչպե՞ս դա հնարավոր դարձավ։
______________
Շատերը կարծում են, որ պատճառը միայն էժան աշխատուժն էր։
Սակայն դա վաղուց այլևս ամբողջ ճշմարտությունը չէ։
Չինաստանի հաջողության հիմքում պետական երկարաժամկետ մտածողությունն է։
Այնտեղ տնտեսությունը չի զարգանում պատահական։ Այդտեղ 21-րդ դարի Սոցիալիստական տնտեսական համակարգն է աշխատում։
Պետությունը հստակ որոշում է, թե որ ճյուղերն են ռազմավարական, և տարիներ շարունակ ներդրումներ է կատարում հենց այդ ուղղություններով։
Կառուցվում են ճանապարհներ, նավահանգիստներ, երկաթուղիներ, արդյունաբերական գոտիներ։
Միլիարդավոր դոլարներ ներդրվում են գիտության, կրթության և նոր տեխնոլոգիաների զարգացման մեջ։
Այս ամենը մեկ ընդհանուր նպատակի համար՝ ազգային տնտեսության հզորացում։
______________
Չինաստանի մոդելի կարևոր առանձնահատկությունն այն է, որ շուկան գործում է պետության ռազմավարական ծրագրերի շրջանակում։
Պետությունը չի հրաժարվում իր տնտեսական դերակատարությունից։
Ընդհակառակը՝ այն ուղղորդում է զարգացումը դեպի արդյունաբերություն, բարձր տեխնոլոգիաներ և արտահանում։
Այս մոտեցումը շատ տնտեսագետներ անվանում են զարգացման պետության մոդել։
Իսկ Չինաստանի ղեկավարությունը այն ներկայացնում է որպես սոցիալիստական մոդել 21-րդ դարի պայմաններում՝ չինական առանձնահատկություններով։
Անկախ անվանումից, փաստը մեկն է։
Այս մոդելը վերջին տասնամյակներում ապահովել է պատմության ամենաարագ տնտեսական վերելքներից մեկը։
______________
Սա նշանակո՞ւմ է, որ Չինաստանում խնդիրներ չկան։
Իհարկե՝ ոչ։
Կան ժողովրդագրական մարտահրավերներ, արտաքին քաղաքական լարվածություններ, հատկապես Թայվանի հարցում, ինչպես նաև տնտեսական մի շարք բարդություններ։
Բայց նույնիսկ այդ պայմաններում Չինաստանը շարունակում է մնալ աշխարհի ամենաարագ զարգացող խոշոր տնտեսություններից մեկը։
______________
Իսկ ի՞նչ կարող է սովորել Հայաստանը։
Պետք չէ որևէ երկրի ամբողջ համակարգը ընդօրինակել։
Յուրաքանչյուր ժողովուրդ պետք է ստեղծի իր սեփական զարգացման ճանապարհը։
Սակայն հաջողված փորձից սովորելը խելամիտ քաղաքականություն է։
Չինաստանի փորձը ցույց է տալիս, որ առանց արդյունաբերության ուժեղացման, առանց գիտության, տեխնոլոգիաների և երկարաժամկետ պետական պլանավորման դժվար է կառուցել մրցունակ տնտեսություն։
Եթե պետությունը մտածում է միայն հաջորդ տարվա, կամ հաջորդ ընտրությունների մասին, մեծ արդյունքների հասնելը գրեթե անհնար է։
______________
Հայաստանը նույնպես կարող է ունենալ իր զարգացման ազգային մոդելը։
Մոդել, որտեղ առաջնահերթ կլինեն արտադրությունը, ինժեներական կրթությունը, գիտությունը, տեխնոլոգիաները, գյուղատնտեսության արդիականացումը և ռազմավարական ենթակառուցվածքների զարգացումը։
Հենց այս ուղղությամբ կարող է ձևավորվել ուժեղ տնտեսություն և բարեկեցիկ հասարակություն։
