Ինչո՞ւ են ոմանք հարստանում, իսկ մյուսները՝ աղքատանում
«Եթե բոլորս աշխատում ենք, ապա ինչո՞ւ են ոմանք ապրում շքեղ առանձնատներում, իսկ մյուսները դժվարությամբ են վճարում կոմունալները։ Որտե՞ղ և ինչո՞ւ է առաջանում այս տարբերությունը»։
Այս հարցը հուզում է հազարավոր մարդկանց Հայաստանում։
Տնտեսական անհավասարությունը պարզապես այն չէ, որ մեկը մյուսից ավելի շատ է վաստակում։ Այն սկսվում է այն պահից, երբ հասարակության մի մասը ունի ավելի շատ հնարավորություններ, ավելի շատ սեփականություն և ավելի մեծ եկամուտ ստանալու միջոցներ, իսկ մյուս մասը, որը կազմում է բնակչության մեծամասնությունը ստիպված է ապրել միայն իր աշխատավարձով։
Պատկերացրեք երկու ընտանիք։
Առաջին ընտանիքը ունի բնակարաններ, հողատարածքներ, ընկերություն կամ բաժնետոմսեր։ Նրանց ունեցվածքը նույնիսկ այն ժամանակ եկամուտ է բերում, երբ նրանք չեն աշխատում։ Ասում են փողը փող է բերում, բայց մեծ կապիտալ՝ փող ունեցողի կամ հարուստների համար։
Երկրորդ ընտանիքը չունի սեփական բիզնես կամ այլ ակտիվներ։ Նրա միակ եկամուտը աշխատավարձն է։ Եթե աշխատանքը կորցնի, եկամուտը նույնպես կդադարի։ Այդ աշխատավարձ ստացողները Հայաստանի բնակչության մեծ մասն են կազմում։
Հենց այստեղից էլ սկսվում է տնտեսական անհավասարությունը։
Հայաստանում դրան նպաստում են մի շարք գործոններ՝
աշխատավարձերի մեծ տարբերությունը, սեփականության անհավասար բաշխումը, կրթական հնարավորությունների տարբերությունը, ինչպես նաև Երևանի և մարզերի տնտեսական անհամաչափ զարգացումը։
Տնտեսական անհավասարությունը միայն փողի տարբերությունը չէ։ Այն նաև տարբերություն է հնարավորությունների, կրթության, սեփականության և ապագա զարգանալու պայմանների միջև։
Մենք պետք է իմանանք թե ինչ տնտեսական և սոցիալական քաղաքականություններ կարող են նպաստել ավելի արդար հասարակության ձևավորմանը։
Մեր կարծիքով անհավասարության հիմնական պատճառը համարվում է ոչ թե միայն մարդկանց տարբեր ունակությունները, այլ արտադրության միջոցների մասնավոր սեփականությունը (գործարաններ, հանքեր, բանկեր, խոշոր հողեր և այլն)։ Ըստ այդ մոտեցման՝ քանի դեռ արտադրության հիմնական միջոցները պատկանում են սահմանափակ թվով մարդկանց, տնտեսական անհավասարությունը շարունակելու է վերարտադրվել։
Եթե թեման ձեզ հետաքրքիր էր, բաժանորդագրվեք Շահումյանի եութիուբյան էջը և կիսվեք ձեր կարծիքով.
