(Մաս 1)
«Չորրորդ Հանրապետության» տեսլականը նոր աշխարհաքաղաքական իրականության պայմաններում
Աշխարհը մտնում է խորքային աշխարհաքաղաքական և տնտեսական վերափոխումների շրջան։
Խորհրդային Միության փլուզումից հետո ձևավորված միաբևեռ աշխարհակարգը աստիճանաբար զիջում է իր տեղը բազմաբևեռ, մրցակցային և հակասություններով լի միջազգային համակարգին։ ԱՄՆ-ի, Չինաստանի, Ռուսաստանի, Իրանի և այլ ուժային կենտրոնների միջև մրցակցությունն այլևս չի սահմանափակվում ռազմական ոլորտով․ այն ընդգրկում է նաև ֆինանսական, էներգետիկ, տեխնոլոգիական և տրանսպորտային ոլորտները։
ԱՄՆ տնտեսության առկա խնդիրները, պետական պարտքի արագ աճը, բյուդջեի մեծ դեֆիցիտը և պարտքի սպասարկման աճող ծախսերը սահմանափակում են Վաշինգտոնի նախկին ազատ գործելու հնարավորությունները։ Միաժամանակ ԱՄՆ-ը փորձում է պահպանել իր համաշխարհային ազդեցությունը՝ ռազմական, տնտեսական և պատժամիջոցային գործիքների կիրառմամբ։
Իրանի շուրջ զարգացումները և Հայաստանի ռիսկերը
Մենք առանձնահատուկ մտահոգությամբ հետևում ենք Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական ու տնտեսական ճնշման խորացմանը և Իրանի դեմ կիրառվող նոր պատժամիջոցների շուրջ ստեղծված իրավիճակին։
Իրանի նկատմամբ պատժամիջոցների խստացումը, ինչպես նաև Իրանի հետ տնտեսական համագործակցություն իրականացնող երրորդ երկրների նկատմամբ երկրորդային պատժամիջոցների հնարավոր կիրառումը կարող են անմիջականորեն ազդել Հայաստանի տնտեսական և անվտանգային շահերի վրա։
Հայաստանը չի կարող անտեսել այն իրողությունը, որ Իրանը մեր երկրի համար ոչ միայն կարևոր առևտրային գործընկեր է, այլև կենսական նշանակության հարավային աշխարհագրական կապ։
Հայաստանի համար Իրանի հետ սահմանը ռազմավարական նշանակություն ունի՝ տնտեսական, էներգետիկ, տրանսպորտային և անվտանգային առումներով։
Հետևաբար Հայաստանի և Իրանի բնականոն, խաղաղ և փոխշահավետ հարաբերությունների պահպանումը պետք է դիտարկվի որպես Հայաստանի ազգային շահի կարևորագույն բաղադրիչ։ Տրամփի՝ ՏՐԻՊԻ ճանապարհի կառուցումը և Ամերիկայի հսկողության տակ դնելը մեծ վտանգի տակ դնելով այդ բաղադրիչը Իրանի հետ փոխհարաբերությունների խախտման ռիսկեր են պարունակում իր մեջ։
Տարածաշրջանային իրականությունը
Մերձավոր Արևելքում շարունակվող ռազմական հակամարտությունները և ռազմավարական ծովային հաղորդակցության ուղիների հնարավոր խափանումները կարող են ունենալ համաշխարհային բացասական տնտեսական հետևանքներ։
Հորմուզի և Բաբ էլ-Մանդաբ ռազմավարական նեղուցներում երկարատև խափանումների դեպքում կարող են աճել էներգակիրների, ապահովագրության և միջազգային փոխադրումների գները։ Դա կարող է հանգեցնել համաշխարհային գնաճին, տնտեսական աճի դանդաղեցմանը և էներգետիկ ճգնաժամի խորացմանը։
Այսպիսով, ներմուծումից կախված Հայաստանի տնտեսությունը ավելի մեծ ճնշման կենթարկվի։
Էներգիայի գների աճը բարձրացնում է արտադրության ինքնարժեքը, ինչն իր հերթին հանգեցնում է ապրանքների և ծառայությունների գների բարձրացմանը։ Արդյունքում աճում է գնաճը, նվազում է բնակչության իրական եկամուտների գնողունակությունը, թուլանում է սպառումը, և տնտեսական աճի տեմպերը դանդաղում են։
Հետևաբար Հայաստանի տնտեսական ծրագրերը պետք է պատրաստ լինեն նաև համաշխարհային էներգետիկ և ֆինանսական ծանր ճգնաժամի հնարավոր սցենարին։
Հայաստանի 2026–2031 թվականների ծրագրի իրատեսականությունը
Այս աշխարհաքաղաքական պայմաններում մենք առանձնահատուկ ուշադրությամբ ենք հետևում Հայաստանի կառավարության ներկայացրած 2026–2031 թվականների ծրագիրը։
Մենք ողջունում ենք տնտեսական աճի, աշխատատեղերի ստեղծման, արդյունաբերության, գյուղատնտեսության, գիտության, բարձր տեխնոլոգիաների և ենթակառուցվածքների զարգացման նպատակները։
Սակայն այստեղ առաջանում է հիմնական հարցը․
Որքանո՞վ են այդ նպատակներն իրատեսական այն արտաքին միջավայրում, որում Հայաստանը պետք է իրականացնի իր ծրագիրը։
Աշխարհը, որի պայմաններում պետք է իրականացվի այս ծրագիրը, կայուն չէ։
Մերձավոր Արևելքում շարունակվող հակամարտությունները, ԱՄՆ–Իրան հարաբերությունների սրացումը, համաշխարհային էներգետիկ և տրանսպորտային շուկաների խափանման վտանգը, ինչպես նաև ԱՄՆ–Չինաստան և Ռուսաստան–Արևմուտք խորացող մրցակցությունը ստեղծում են միջազգային այնպիսի միջավայր, որը կարող է էապես տարբերվել այն պայմաններից, որոնց վրա հիմնված են երկարաժամկետ տնտեսական կանխատեսումները։
Այս պայմաններում վտանգավոր է տնտեսական զարգացման հիմնական հաշվարկները կառուցել այն կանխատեսումների վրա, որ տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղությունը, բաց և անվտանգ հաղորդակցությունները և կայուն արտաքին շուկաները անպայմանորեն կձևավորվեն։
Դրանք ցանկալի նպատակներ են, բայց չեն կարող ներկայացվել որպես երաշխավորված պայմաններ։
TRIPP-ը ռիսկային նախագիծ է և չի կարող լինել Հայաստանի տնտեսական ամենակարևոր ծրագրերից մեկը։
Մենք կարևորում ենք տարածաշրջանային հաղորդակցության ապաշրջափակումը և Հայաստանի՝ տարածաշրջանային տնտեսական հանգույց դառնալու հնարավորությունը։
Սակայն TRIPP-ի շուրջ ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակը պահանջում է առավել զգուշավոր և իրատեսական մոտեցում։
Նախագիծը գտնվում է Հայաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի, Իրանի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի շահերի հատման կետում։ Հետևաբար դրա իրականացումը կախված է ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններից, այլև ավելի լայն տարածաշրջանային և միջազգային հակասություններից։
Եթե Իրանի շուրջ ռազմական հակամարտությունը շարունակվի կամ խորանա, եթե Իրանը շարունակի դեմ արտահայտվել նախագծի որոշակի աշխարհաքաղաքական ձևաչափերին, կամ եթե տարածաշրջանում ուժերի հարաբերակցությունը կտրուկ փոխվի, ապա TRIPP-ի իրականացումը կարող է հետաձգվել, փոփոխվել կամ բախվել նոր խոչընդոտների։
Հետևաբար Հայաստանի տնտեսական ռազմավարությունը չի կարող կառուցվել մեկ նախագծի հաջող իրականացման կանխավարկածի վրա։
Հայաստանը պարտավոր է ունենալ այլընտրանքային տնտեսական և հաղորդակցային սցենարներ։
Մեր տեսանկյունից Հայաստանի ինքնիշխանության կոնցեպցիայից ելնելով կարծում ենք, որ Հայաստանը ինքը պետք է տերը լինի բոլոր անցուղիների և չպետք է որևէ երրորդ երկիր հիմնական դերակատարը կամ տերը լինի այդ անցուղիների։ Սա բխում է նաև Հայաստանի ռազմավարական ու անկախության պահանջից։
