Գյուղատնտեսության նախարարության վերականգնումը և գյուղացու պաշտպանությունը
Հայաստանի տնտեսական և ազգային անվտանգության կարևորագույն ուղղություններից մեկը պետք է լինի գյուղատնտեսության պետական կառավարման և աջակցության համակարգի վերակառուցումը։
Մենք առաջարկում ենք վերականգնել և ժամանակակից դարձնել Գյուղատնտեսության նախարարությունը՝ այն դարձնելով գյուղատնտեսական արտադրության, գյուղացու պաշտպանության, պարենային անվտանգության և գյուղական համայնքների զարգացման հիմնական պետական կառույց։
Գյուղատնտեսական արտադրողներին անհրաժեշտ է տրամադրել համակարգված, երկարաժամկետ և կանխատեսելի պետական աջակցություն՝ ներառյալ արտադրության պլանավորում, մատչելի վարկավորում, գյուղատնտեսական ապահովագրություն, ոռոգման համակարգերի զարգացում, ժամանակակից տեխնիկայի և տեխնոլոգիաների հասանելիություն, արտադրանքի պահեստավորում, վերամշակում և իրացման երաշխավորված մեխանիզմներ։
Միաժամանակ անհրաժեշտ է մշակել գյուղատնտեսական արտադրանքի բազմաշուկա արտահանման ռազմավարություն, որպեսզի Հայաստանի գյուղատնտեսությունը կախված չլինի որևէ մեկ արտաքին շուկայից։
Ռուսաստանի, Եվրամիության, ԱՄՆ-ի, Իրանի, Վրաստանի, Չինաստանի, Հնդկաստանի և այլ շուկաների նկատմամբ պետք է մշակվի երկարաժամկետ և համակարգված արտահանման քաղաքականություն։
Անհրաժեշտ է նաև ստեղծել պետական ռազմավարական պարենային պահուստների համակարգ, որը հնարավորություն կտա արտաքին ճգնաժամերի, պատերազմների, տրանսպորտային խափանումների կամ համաշխարհային պարենային շուկաների ցնցումների պայմաններում պաշտպանել Հայաստանի բնակչությանը և ներքին շուկան։
Գյուղատնտեսությունը պետք է դիտարկվի ոչ միայն որպես տնտեսության առանձին ճյուղ, այլև որպես ազգային անվտանգության, պարենային ինքնաբավության և գյուղական բնակավայրերի պահպանման ռազմավարական ոլորտ։
Հայաստանի գյուղացին չպետք է մենակ մնա արտաքին շուկաների, գների տատանումների, բնական աղետների կամ աշխարհաքաղաքական ճգնաժամերի առաջ։ Պետությունը պարտավոր է ստեղծել այնպիսի համակարգ, որտեղ գյուղատնտեսական արտադրողը նախապես իմանա՝ ինչպիսի աջակցություն, շուկա և պաշտպանության մեխանիզմ է ունենալու ճգնաժամի դեպքում։
Սփյուռքի մասնակցությունը
Շահումյան Կազմակերպությունը լուրջ մտահոգություն է հայտնում 2026–2031 թվականների ծրագրի իրականացման գործընթացում Սփյուռքի կազմակերպման ռազմավարական ծրագրի բացակայության վերաբերյալ։
Որևէ ռազմավարական ծրագիր չի կարող Հայաստանում լիարժեք հաջողության հասնել՝ առանց Սփյուռքի կազմակերպված և համակարգված մասնակցության։
Սփյուռքը Հայաստանի համար ոչ միայն ֆինանսական կամ բարեգործական ներուժ է, այլ գիտելիքի, մասնագիտական կարողությունների, կապերի, ներդրումների և միջազգային փորձի կարևոր ռեսուրս է։
Այդ պատճառով մենք կոչ ենք անում իշխանություններին վերականգնել Սփյուռքի նախարարությունը և ստեղծել Սփյուռքի հետ պետական համագործակցության արդյունավետ, ինստիտուցիոնալ և երկարաժամկետ մեխանիզմ։
Մեր վերջնական գնահատականը
Մենք չենք համարում, որ կառավարության 2026–2031 թվականների ծրագիրը լիովին դատապարտված է չիրականացման։
Սակայն ներկայիս աշխարհաքաղաքական պայմաններում ծրագրի ամբողջական իրականացումը չենք համարում երաշխավորված։
Եթե ԱՄՆ–Իրան հակամարտությունը խորանա, համաշխարհային էներգետիկ ճգնաժամը սրվի, Արևմուտք–Ռուսաստան հակասությունները և ԱՄՆ–Չինաստան մրցակցությունը խորանան, վատանան Ռուսաստան–Հայաստան տնտեսական հարաբերությունները կամ կրկին սրվեն Հայաստան–Ադրբեջան հակասությունները, ապա ծրագրի ամբողջական իրականացումը կդառնա էապես ավելի դժվար։
Պետությունը պետք է պատրաստ լինի նաև վատագույն սցենարին։
Հայաստանի տնտեսական ծրագիրը պետք է հիմնված լինի ոչ թե այն համոզմունքի վրա, որ աշխարհում ամեն ինչ զարգանալու է ցանկալի ուղղությամբ, այլ այն գիտակցության վրա, որ աշխարհը կարող է մտնել երկարատև անկայունության շրջան։
Հայաստանին անհրաժեշտ է ոչ թե միայն տնտեսական աճի ծրագիր, այլ ազգային դիմակայության ռազմավարություն։
Շահումյան Կազմակերպությունը կոչ է անում իշխանություններին վերանայել ծրագրի այն դրույթները, որոնք հիմնված են արտաքին միջավայրի կայունության վերաբերյալ չափազանց լավատեսական կանխատեսումների վրա, և երկրի տնտեսական, էներգետիկ, անվտանգային ու արտաքին քաղաքականությունը կառուցել նաև վատագույն մեծ հավանականություն ունեցող սցենարների հաշվարկով։: Հայաստանի անվտանգությունը, ինքնիշխանությունը և տնտեսական դիմակայությունը չեն կարող դրվել չերաշխավորված աշխարհաքաղաքական պայմանների վրա։
Շահումյան Կազմակերպություն
